Ինչ անել, որ հայերը գնան Եվրոպա եւ վերադառնան առանց վիզա ռեժիմի դեպքում (տեսանյութ)
Ազգային ժողովում շարունակվում է 2018թ. պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանում է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ որոշ տեղեկություններ:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլադիան, Հունգարիան և Սլովակիան:
Զոհրաբ Մնացականյանը նաև ներկայացրեց այն երկրները, որոնք առայժմ հավանության են արժանացրել Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«2019թ. մարտի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացել համաձայնագրի վավերացման նպաստող օրենքի նախագիծը: Ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է համաձայնագիրը, այժմ այն ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրությանը: Ապրիլի 18-ին Չեխիայի Պատգամավորների պալատը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել համաձայնագիրը, իսկ մայիսի 23-ին վարչապետն ու նախագահը ստորագրել են համաձայնագրի վավերագիրը: Մայիսի 2-ին համաձայնագիրը վավերացվել է նաև Շվեդիայի խորհրդարանի կողմից»,- տեղեկացրեց նախարարը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը, ապա Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ փորձում են արագացնել այդ գործընթացը:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հավելեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած երկրների հետ վիզաների ազատականցման ռեժիմ ներմուծելուց հետո, արևմտաեվրոպական երկրները մտահոգություն ունեն կապված նրա հետ, որ հայերը կարող են գնալ Եվրոպա և հետ չվերադառնալ հայրենիք: Նման իրավիճակ ստեղծվել է Վրաստանում, Մոլդովիայում և Ուկրաինայում վիզաների ազատականացումից հետո:
«Մենք մշտապես նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Երեկ ոչ պաշտոնական հանդիպում ունեինք Ֆրանսիայի դեսպանի հետ և կրկնեցինք, որ մեր դեպքում առավելագույնը կանենք, թե՛ տեխնիկապես, թե՛քարոզչական մակարդակում, որպեսզի իրենք հանգիստ լինեն, որ նույնիսկ եթե փոքր խնդիրներ լինեն, մենք ամեն ինչ կանենք այդ խնդիրները լուծելու համար, բայց փոխարենը կշահեն այն հազարավոր քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ շփվել, տեսնել իրենց ընկերներին, ուսանել, արձակուրդ անցկացնել և վերադառանալ»,- հավաստիացրեց Արման Եղոյանը: