Ի՞նչ անել դպրոցներում անգիրից հրաժարվելու համար. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում լավ թիմ է հավաքվել, խճճվելու կարիք չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
Կրթության և գիտության նախարարությանը միավորված մշակույթի և սպորտի նախարարությունների մասով անելիքներ կան:
«Խնդիրները շատ են մշակույթի ուղղությամբ, հուշարձանների, թատրոնների, մշակութային օջախների, և մշակութային քաղաքականության տեսլականի հարցեր կան: Մենք առաջիկա 3 ամիսների ընթացքում կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարություն: Սպորտի ոլորտում հարցերը նույնպես շատ են»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հայոց լեզվի միասնական քննություններում ցածր գնահատականների ցուցանիշին, նախարարը համաձայնություն չհայտնեց այն պատճառաբանություններին, թե թեստերը փոխվել են, առաջադրանքները անծանոթ են եղել:
«Առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ չափով փոխվել է բուն բովանդակությունը, օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար: Սա վկայում է անգիր սովորելու պրոբլեմի մասին»,- նկատեց նախարարը նշելով, որ դպրոցներում սովորեցնում են անգիր:
«Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի անգիր սովորելու և կրկնուսույցին դիմելու սովորությունից հրաժարվեն դպրոցներում, նախարարը թվարկեց հետևյալ փոփոխությունները:
«Փոխվում են չափորոշիչները և ծրագրերը: Ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանությունը ամբողջությամբ փոխվելու է, որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք մտածել, և ոչ թե անգիր անել և վերարտադրել մեխանիկորեն: Փոխվելու են նաև դասագրքերը, դրանք կթեթևանան»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը:
Դասագրքերի բովանդակության վերանայման մասին
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնել պատմության դասագրքերի բովանդակության վերաբերյալ, փակելով ինստիտուտի դռները:
«Պատմության դասագրքերում փոփոխություններ կատարելու առումով աշխատանքներ տարվում են: Հանձնաժողով է ստեղծել, որը քննարկում է պատմության դասագրքերում առկա խնդիրները»:
Նախարարը հավելեց, որ սա ժամանակատար պրոցես է: Օրինակ՝ պատմության դասագիրք կա, որի վերաբերյալ 500 դիտողություն են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում: