Մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին. Տիգրան Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստն էր, որն ընթանում էր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի գլխավորությամբ:
Տիգրան Ավինյանը բացման խոսքում նկատեց, որ այս հանձնաժողովի նիստը երկու կողմերի համագործակցության զարգացման ապացույցն են:
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին, և կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Մեր երկու երկրների վարչապետների հանձնարարականն է տնտեսական ոլորտում համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի»,- ընդգծեց փոխվարչապետը:
Այս հանդիպումը ոչ միայն երկրների միջև եղած կապը ամրապնդելու, այլև այլ ճյուղերի համար հեռանկարներ ստեղծելու համար է, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, կրթությունը և առողջապահությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը:
«Հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են մեր երկրների տարանցիկ կարողոթյունների զարգացմանը»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Հայաստանի փոխվարչապետն իր խոսքն ավարտեց՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի պատվիրակության անդամներին և հույս հայտնեց, որ երկու երկրների կառավարությունները եռանդով կշարունակեն համագործակցությունը ի շահ՝ հայ և վրացի ժողովուրդների: