Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130613
A A
Քաղաքականություն

Արտահանման ոլորտում շոշափելի շարժեր են գրանցվել. վարչապետ

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեկ տարվա կատարած աշխատանքներին, նշեց, որ մայիս ամսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Այս տարի գրանցվել է արտահանման 15 տոկոսանոց աճ՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարվել են։

Նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը աճել է 1,8 տոկոսային կետով, սակայն նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը՝ նախորդ տարվա 27,6 –ի փոխարեն կազմելով  25 տոկոս։

«Այս  թվերը կարևոր են նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել ու մարսել է տնտեսական հեղափոխության մեսիջները»։

Վարչապետը նաև ընդգծեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում  նույնպես շոշափելի շարժեր են գրանցվել, մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 76,6 տոկոսով։ Մասնավորապես՝ լոլիկի արտահանումը 10 անգամ, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ արտահանման թեման մշտապես գտնվում է  Ռուսաստանի,  Հայաստանի և Վրաստանի պաշտոնյանների քննարկումների օրակարգում։