Առաջին հերթին դատախազությունը պետք է վեթինգի ենթարկվի. ընդդիմադիր գործիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նոր Հայաստան» շարժման նախաձեռնող, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանն առաջարկում է 2020 թվականին անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ:
«Ա1+»-ի զրուցակիցն առաջարկում է նաև կառավարման համակարգի փոփոխություն՝ խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել նախագահականի: «Անցած մեկ տարին ցույց տվեց, որ խորհրդարանական կառավարման եղանակը չի արդարացնում իրեն, և մարդիկ, ոգևորությունից դրդված, այնպիսի պատգամավորներով են համալրում Ազգային ժողովը, որ նույնիսկ երկրի անվտանգության համար սպառնալիք է»,- պարզաբանում է ընդդիմադիր գործիչը:
Ըստ Վիրաբյանի՝ հայտարարված հեղափոխությունը և ժողովրդավարությունը չեն համապատասխանում իրականությանը, և որպես փաստարկներ՝ նշում է դատարանների շրջափակման դեպքերը, առանց քննարկումների հայտարարելը, թե դատավորները պետք է ստանան 3 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը կոռուպցիայի դրսևորման դեպք է:
«Երկրի ղեկավարը գայթակղում է դատավորներին, որպեսզի նրանք կատարեն իր քաղաքական կամքը»,- ընդգծեց «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնողը՝ հավելելով, որ դա սեփականության վտանգավոր վերաբաշխման նպատակ է հետապնդում:
Վիրաբյանը կողմ է անցումային արդարադատությանը, վեթինգին և առաջարկում է առաջին հերթին վեթինգի ենթարկել դատախազությանը: Նրա պնդմամբ՝ երկրի ղեկավարները դատավորներին անձամբ չեն զանգել, քանի որ դա արել են դատախազները՝ կատարելով քաղաքական պատվերներ. «Հիշե՛ք Աղվան Հովսեփյանին»:
Անդրադառանալով Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դատական գործերին՝ նա ասաց, որ ամեն ինչ իրավական հարթության վրա է, ուղղակի վերջիններս քաղաքականացնում են: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ նախորդ 3 նախագահներն էլ պետք է կանգնեն դատարանի առջև:
Մանրամասները՝ տեսանյութում