Ովքե՞ր են Վերնիսաժից կոբալտե սպասքի հիմնական գնորդները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀատկապես սովետական ժամանակաշրջանում և 90-ականներին իրենց զավակներին ամուսնացնելուց առաջ ծնողները սկսում էին օժիտ պատրաստել, որի մեջ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում կոբալտից չեխական կամ գերմանական արտադրության սպասքը, ճենապակե ծաղկամանները, մրգամանները, թանկարժեք խեցուց արձանիկները և այլ իրեր: Այսօր սակայն, այդ ավանդույթը քչերի մոտ է պահպանվել:
Վերնիսաժում նմանատիպ ապրանքներ վաճառողներն ասում են, որ քսան տարուց ավելի այդ գործով են զբաղվում, բայց հիմա այլևս օժիտի համար նման իրեր չեն գնում:
Վաճառողները նշում են, որ մրցակցությունը մեծ է, բայց ոչ մեկի առևտուրն էլ լավ չի, ամիսներով չեն կարողանում որևէ բան վաճառել, և հաճախ ապրանքը պարտքով են գնում, բայց չեն դժգոհում և հույս ունեն, որ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվելուց հետո իրենց գործերն էլ կլավանան:
Գերմանական սպասք և չեխական արձանիկներ վաճառող տիկին Գրետան ասում է, որ գերմանական սպասքն ավելի թանկ արժե, քան չեխականը: Իսկ իրենց ապրանքներով հիմնականում հետաքրքրվում են 50-60 տարեկանները և ավելի շատ՝ օտարերկրյա քաղաքացիներ:
Եվ հենց «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ տաղավարին մոտեցավ ռուս զբոսաշրջիկ Մարինա Կոլոսկովան: Վերջինս նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է մեր երկրով:
«Ես ընդամենը չորս օրով եմ Հայաստանում, եղել եմ Ջերմուկում, Դիլիջանում, Գառնի-Գեղարդում: Ձեր երկիրը պարզապես ֆանտաստիկա է, ես այուհետև կգամ այստեղ հանգստանալու, երևի Ջերմուկ: Ես շուկաներ սիրում եմ, ինձ խորհուրդ տվեցին լինել Վերնիսաժում: Ես ուղղակի հիացած եմ, ուզում եմ այսպիսի որևէ հին բան գնել, բայց չգիտեմ ինչպես տանել։ Շատ գեղեցիկ արծաթյա իրեր կան, որոնց կողքով անտարբեր չես կարող անցնել: Շնորհակալություն Հայաստանին՝ այսպիսի ընդունելության համար»,- ասաց Մարինա Կոլոսկովան:
Մարինա Կոլոսկովան նաև ասաց, որ ինքը շատ հայ հարևաններ ունի, որոնք իրեն ճանապարհել են Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում: