Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Արվեստագետին խոչընդոտում են սիմպոզիում անցկացնել (տեսանյութ)

Ամեն ամառ «Մունետիկ» ՀԿ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն  այդ սիմպոզիումի անցկացմանը այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մունետիկ» ՀԿ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը:

«Ամեն տարի Հայանտառ ՊՈԱԿ-ի հետ կնքում ենք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Խնդիրներ այդ հարցով միշտ լինում են, բայց այս տարվա խնդիրն այն էր, որ պարզվում է՝ այդ տարածքը վարձակալվել է: Մեր ակտիվ միջամտությամբ պարզվեց, որ 16 տարի մեզ խանգարել են տեղի աշխատակիցները, հատկապես՝ անտառի պահակը։ Միանշանակ կարծում եմ՝ այնտեղ հովանավորյալ մարդիկ կան: Այդ տարածքը կոնկրետ Աղվան Արամյանին է պատկանում, բայց իրականում պարզվեց, որ դա ընդհանրապես իրենց տարածքի մեջ չի մտնում, և օրենքով է արգելված այդ տարածքը որևէ մեկին տրամադրել:  Ակնհայտ դարձավ խնդրի էությունը, և մենք փորձեցինք խնդիրը լուծել, իրենք խոստացան թույլտվություն տրամադրել, բայց  նորից խնդիր են առաջացնում:  Մենք արդեն դիմեցինք ԱԺ պատգամավոր, մշակույթի հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանին»,- ասաց Հրաչյա Համբարձումյանը:

Պատգամավորը խոստացել է արվեստագետի և իր խմբի հետ համագործակցելով՝ խնդիրը կարգավորել:

 Արվեստագետը հույս ունի, որ այս խնդիրը կկարողանան  լուծել: Հուլիսի  5-ից իրենք սկսում են այս տարվա նոր ծրագիրը՝  խեցեգործության և գեղանկարչության սիմպոզիում, որին հրավիրված են արտերկրից եւ տեղացի մասնակիցներ։

Մանրամասները՝ տեսանյութում