Բացել լրահոսը Փակել լրահոսը
feliks
A A
Քաղաքականություն

Կառավարությունը կավելացնի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար եկամուտներն ու ծախսերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը՝ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Հայաստանի Հանրապետության տարածքում 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առավել քան կրկնակի անգամ, և այդ աճը պահպանվում է (01.01.2018թ.-ից մինչև 01.06.2018թ.՝ 1395 կանչ, 01.01.2019թ.-ից 01.06.2019թ-ին՝ 2920 կանչ), ինչի հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է Փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակի համար նախատեսված վառելիքի օգտագործմանը:

Հրդեհների քանակի և ծավալի աճի պատճառով հրշեջ-փրկարարական ջոկատները շատ դեպքերում արձագանքում են հարակից տարածքները սպասարկող ջոկատների կանչերին: Վառելիքի ծախսի ավելացումը պայմանավորված է նաև հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների թվաքանակի աճով՝ 2019 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել է 28 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա՝ ավտոբաքեր, ավտոսանդուղքներ, փրկարարական մեքենաներ՝ հագեցած անհրաժեշտ գույքով և փոքր մեխանիզացիայով: Մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվելու են ևս 22, իսկ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից` 26 միավոր հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ 2019 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում հնարավոր չէ ապահովել արտակարգ իրավիճակներին, պատահարներին և այլ դեպքերին արձագանքման կազմակերպումը առանց լրացուցիչ վառելանյութի (35000 լիտր բենզին և 65000 լիտր դիզելային վառելիք` 42 մլն. 325 հազ. դրամ ընդհանուր արժեքով), որից 50000 լիտր վառելանյութը կլրացնի 2019թ.-ին ակնկալվող պակասորդը, իսկ 50000 լիտր վառելանյութը կպահեստավորվի 2020թ.-ի հունվար ամսվա համար: Նախարարը նաև նշեց, որ բուսածածկ դժվարամատչելի վայրերի հրդեհների ժամանակ անհնար է կիրառել հրշեջ ավտոբաքեր, ուստի խիստ անհրաժեշտ է ստորաբաժանումներն ապահովել պարզագույն հրդեհաշիջման միջոցներով (150հատ բենզինային և 350 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ՝ 14 մլն. 700 հազար դրամ ընդհանուր արժեքով):

Փրկարար ծառայության հաշվեկշռում ներառված 70 բենզինային սրսկիչներից շահագործման պիտանի են ընդամենը 9-ը: 2019թ-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից որպես նվիրատվություն Փրկարար ծառայությանն են տրամադրվել 180 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ, որնք բաշխվել են մարզային, Երևան քաղաքի և ՀՆՓԱԻԿ ստորաբաժանումներին՝ նվազագույն քանակությամբ, ինչը և՛ քանակապես, և՛ որակապես չի ապահովում հրդեհային կանչերի արձագանքման պատշաճ մակարդակ:

Մարտական համազգեստով ապահովված է ՀՓՋ-ների երեք հերթափոխներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ մարտական համազգեստը հանդիսանում է անհատական օգտագործման գույք, ուստի անհրաժեշտ է 530 լրակազմ մարտական հագուստ՝ 95 մլն 400 հազ. դրամ ընդհանուր արժեքով, յուրաքանչյուր հերթափոխին մեկական լրակազմով (սաղավարտ, բաճկոն, տաբատ, գոտի, ձեռնոց, կոշիկ) ապահովելու համար: ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատանքները՝ մասնավորապես՝ փրկարարական և հրդեհաշիջման, անխափան, անվտանգ և արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է փրփրահեղուկի, փողրակների, պարանների, գայլիկոնների, սահմանափակող արկղեր շղթաների և կենդանիներ քնացնող սարքերի ձեռք բերում 22 մլն 230 հազար դրամի չափով:

Արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ դեպքերի վայրում մարտական հաշվարկի կազմի մեջ մտնող ծառայողը բջջային հեռախոսով նկարահանում է իրավիճակը, որն ուղիղ կապով փոխանցվում է ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ստեղծված իրավիճակը, նրա զարգացման ընթացքը, դեպքի վայր ժամանած ստորաբաժանումների առկայությունը և գործողությունները, հետևանքների վերացման գործընթացն ու հասցված վնասները և կառավարման հետ կապված այլ հարցերը լուծելու նպատակով:

Փրկարար ծառայությունում առկա բջջային հեռախոսները ոչ միայն չեն բավարարում տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի ոլորտի ներկա պահանջներին, այլև բջջային հեռախոսով նկարահանելու համար առանց այն էլ թերհամալրված մարտական հաշվարկի ծառայողներից մեկը ստիպված է լինում կտրվել արձագանքման խնդիրների իրականացումից, ուստի անհրաժեշտ է ՓԾ ստորաբաժանումները համալրել սաղավարտներով, որոնք ունեն ներկառուցված տեսախցիկներ: Նպատակահարմար է ձեռք բերել 130 հատ (Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4 ջոկատներին, Հրշեջ փրկարարական ջոկատներին) սաղավարտ՝ 28 մլն. 600 հազ դրամ ընդհանուր արժեքով:

Դժվարամատչելի անտառների, թփուտների և այլ ծառապատ տարածքների հրդեհների ժամանակ հրդեհը մեկուսացնելու, կրակի տարածումը կանխելու նպատակով ստորաբաժանումները ստիպված են լինում ստեղծել սանիտարական գոտի՝ հատելով որոշակի շերտի(գոտու) ծառեր և թփեր: Այդ նպատակով յուրաքանչյուր մարզային (Երևանի) փրկարարական վարչությանը հատկացվել է բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի 1-ական սղոց, որոնց քանակը խիստ անբավարար է: Արդյունավետ արձագանքումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել և ստորաբաժանումներին հատկացնել նվազագույնը 200 նման սղոց (3-ական յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանմանը և ՀՆՓԱԻԿ-ին) 12 մլն. դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ ԱԻՆ ՓԾ միասնական ավտոմատացված կառավարման համակարգի սպասարկման և զարգացման, ինչպես նաև ծրագրային փաթեթների համար անհրաժեշտ է լրացուցիչ 3 մլն դրամ համակարգչային ծառայությունների սպասարկման գումար: ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար անհրաժեշտ տպագրական ծառայությունների մասով յուրաքանչյուր տարի հատկացվել է 1 մլն դրամ,որը չի բավարարում ՓԾ թվով 42 անուն մատյաններ, գրքույկներ, վկայականներ, քարտեր, անձնական գործեր, բլանկներ ձեռք բերելու համար: Փրկարարի որակավորման գրքույկների՝ վկայականների, մուտքի քարտերի համար անհրաժեշտ է լրացուցիչ 2 մլն 700 հազ. դրամ: Համակարգչային սարքերի և էլեկտրատեխնիկայի պահպանման և վերանորոգման ծառայությունների համար ՀՀ պետական բյուջեից գումարներ չեն հատկացվել: Էլեկտրակայանների, լուսավորության համակարգերի, վրանների տաքացուցիչների, համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների, որոնք հիմնականում ձեռք են բերվել 2000-ական թվականներին և երբեք չեն հիմնանորոգվել, պահապանման և շահագործման նպատակով անհրաժեշտ է 2 մլն 900 հազ. դրամ գումար:

ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբին հատուկ որոնողափրկարարական և սակրավորական աշխատանքների իրականացման համար ծառայության խնամքի տակ են գտնվում 10 փրկարարական շներ, ուստի նրանց պահպանման համար անհրաժեշտ է լրացուցիչ 2 մլն 600 հազ. դրամ: ՀՀ ԱԻՆ ՓԾ կենցաղային և տնտեսական ապրանքներ հոդվածով նախատեսվածէ եղել 878 հազ. դրամի ձեռք բերում, ինչը չի բավականացրել թվով 117 հրշեջ փրկարարական ստորաբաժանումների մատակարարելու համար:

Նշված ապրանքների ձեռք բերման համար անհրաժեշտ է լրացուցիչ 2 մլն 822 հազ.9 հարյուր դրամ գումար: ՀՀ ԱԻՆ վարչական շենքերի, ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային (Երևան քաղաքի) փրկարարական վարչությունների և նրանց ենթակա ջոկատների վարչական շենքերի տեսահսկման համակարգերը ներդրվել են 2013 թվականին: Ներկայումս առաջացել է անհրաժեշտություն կատարել ծախսեր տեսահսկման համակարգի անխափան աշխատանքն ապահովելու, հնամաշ տեսախցիկներն արդիականացնելու, ինչպես նաև նոր տեսախցիկներով համալրելու նպատակով:

Վերը նշված համակարգերը անխափան պահպանելու նպատակով նախարարությանը անհրաժեշտ է 2 մլն 700 հազար դրամ գումար: ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով ծառայությանը անհրաժեշտ է լրացուցիչ՝ 23 մլն 455 հազար դրամ՝ համակարգիչային սարքավորումների, գրասենյակային գույքի, շարժական տնակների, հեռադիտակների ձեռք բերման համար: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ունի մեկ տեսախցիկ և մեկ մոնտաժային համակարգիչ, որոնք երկար տարիների շահագործման արդյունքում մաշվել են, աշխատում են խափանումներով և չեն համապատասխանում արդի պայմաններին: Տեսախցիկի և մոնտաժային համակարգչի հիմնանորոգումը աննպատակահարմար է ֆինանսական մեծ ծախսերի և հին մոդելների ներկայիս պայմաններին չբավարարելու պատճառով: Հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները պատշաճ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է 8 անվանում համակարգչային և տեսանկարահանող տեխնիկա՝ 5 մլն 950 հազար դրամ ընդհանուր արժեքով:

Բարձրախոսների, սաղավարտների, հրդեհի մարման ձեռքի գործիքների, հրշեջ խմբերի համազգեստի, շղթայավոր սղոցների, խողովակների գլխիկների բռնիչների, ռետինեփողրակների և շղթայի մասերի գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ պայմանավորված հրդեհների քանակի կտրուկ աճով:Սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է նաև հրատապ եղանակով իրականացնել շարժական տնակների, սահմանափակող արկղերի և կենդանիների խայծերի գնում:

Նախագիծը ներկայացնելուց հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, արձագանքելով, ասաց. «Այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ ենք ունենում ՀՀ ամբողջ տարածքով և նույնպես հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացնում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի էֆեկտիվ լուծվեն»:

Նախագիծն ընդունվեց: