Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0128864
A A
Քաղաքականություն

ՊԵԿ նախագահը՝ ՀԴՄ-ների դեֆիցիտի մասին (տեսանյութ)

Գործարարների հետ բազմաթիվ քննարկումներից և իրավական փոփոխություններից հետո ազատականացվեց ՀԴՄ-ների դաշտը, և ցավոք, մեկ ընկերություն կա, որ հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադարձ կատարելով ՀԴՄ-ների դեֆիցիտին, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ իրենք կուզեին, որ լիներ ոչ թե մեկը, այլը 11-ը կամ 101-ը, և այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ 6 ամիս առաջ։ Նա ասաց, որ ՊԵԿ-ը որևէ խոչընդոտ չի ստեղծել.

«Եթե այդպիսի հայտարարություններ կան, կուզեմ՝ փաստեր ներկայացնեն, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»:

Խոսելով այն մասին, թե ինչու ՊԵԿ-ը չի ներկրում ՀԴՄ սարքեր, Դավիթ Անանյանն ասաց, որ իրենք հակված չեն նոր խմբաքանակ ձեռք բերելու:

«Եթե այս ժամանակ կլինեն գործարարներ, որ շուկան կապահովեն համապատասխան տեխնիկական պահանջներ ունեցող սարքերով, մենք կվերանայենք գնում անելու քաղաքականությունը։ Մենք ազատականացրել ենք շուկան, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք այսօրվա դրությամբ ունենք մոտ 10 հազար հայտ-դիմումներ, որը մենք չենք կարողանում բավարարել, ունենք շատ սահմանափակ քանակություն, որը տրամադրում ենք միայն սահմանամերձ գոտիների տնտեսավարողներին, քանի որ մենք պարտավոր ենք իրենց անվճար տրամադրել ՀԴՄ մեքենա»,- ասաց Դավիթ Անանյանը:

Եթե ՀԴՄ-ներ չկան, ի՞նչ պետք է անի նոր հիմնված ընկերությունը, հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, ինչ պետք է աներ կառավարությունը, արել է, իսկ եթե ոլորտի ազատականացման ջատագովները քայլեր չեն արել ժամանակին, չեն բերել ՀԴՄ-ներ, կառավարությունը կարող էր մեկ գնում էլ հայտարարել ու բերել, սակայն հիմա ՊԵԿ-ն արդեն չունի սարքեր, դրա համար չի տրամադրում:

«Թող գնան, ձեռք բերեն շուկայից: Ով ազատականացման ջատագով էր և ուզում էր, ասում էր՝ մենք ունենք, թող բերեին, անեին: Ո՞վ ունի մեղք, պետությունն ունի՞ մեղք։ Լավ իրավիճակ չի ստեղծվել, բայց դա փակուղի չէ, պետք է հաղթահարվի ամեն դեպքում։ ՊԵԿ-ը չի պատրաստվում գնում իրականացնել, քանի որ այդ դեպքում կխանգարի այն տնտեսվարողին, որը հայտարարել է, որ 9000 հատ խմբաքանակ է բերելու: Պետությունն իր վրա վերցրել էր 98 հազար դրամ ծախս և սուբսիդավորման արդյունքում գործարարներին ՀԴՄ-ն տրամադրում էր 60 հազար դրամով, և հնարավոր չի մոդելը գնել 60 հազար դրամով»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ի հավելումն՝ նա ասաց, որ այժմ մրցույթում հաղթել է ընկերություն, որը շատ ավելի բարձր գնով է ձեռք բերում սարքերը, բայց կա տեխնիկական խնդիր, որոնք պարզաբանման փուլում են: Դավիթ Անանյանը նաև ասաց, որ առանց ՀԴՄ գործարք իրականացնողները տուգանվելու են, սական հին ՀԴՄ-ներ կիրառողների մոտ վարչարարություն դեռևս չի իրականացվի:

«Եթե մրցույթի արդյունքում գործարքը չկայանա, բիզնեսը չարձագանքի, ՊԵԿ-ը կկատարի գնում, սակայն այդ դեպքում էլ, կրկին մեզ կմեղադրեն, որ խաթարում են բիզնեսը»,-եզրափակեց ԴավիթԱնանյանը։