Վարկ վերցնելիս չօգտվել միջնորդների ծառայություններից. «ՎՏԲ» բանկի արձագանքը՝ խարդախության զոհ դարձած ցուցարարներին
Աջակցիր «Ա1+»-ին«ՎՏԲ» բանկի հայաստանյան գրասենյակն արձագանքել է «Ա1+» լրատվականի «Վեց ընտանիք բնակարան կորցնելու վտանգի առջև է կանգնած» վերնագրով հրապարակմանը։
Բանկի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«26 հուլիս 2019 թ.
Ի պատասխան a1plus.am կայքում հրապարակված տեսանյութի հայտնում ենք, որ Բանկի ներկայացուցիչները հանդիպել են այն հաճախորդներին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Կառավարության շենքի դիմաց և պարզել բողոքի պատճառները:
Ըստ Հաճախորդների` գործել է գործողությունների մի սխեմա, որտեղ 3-րդ անձը (միջնորդը), ձեռք բերելով իրենցվստահությունը և մոլորեցնելով իրենց,համոզել է, որպեսզի նրանք իրենց անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ձևակերպեն ոսկու գրավով ապահովված վարկեր`գրավադրելով միջնորդի ոսկյա իրերը: Վերցնելով վարկի ողջ գումարը` միջնորդը չի մարել վարկը` այդ մասով ամբողջ պատասխանատվությունը թողնելով Բանկի Հաճախորդների վրա, ինչը հանգեցրել է պարտքի բռնագանձման նպատակով վերջիններիս նկատմամբ դատական գործընթացներ սկսելուն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը խորհուրդ է տալիս, ցանկացած տեսակի վարկ վերցնելիս (եթե նույնիսկ դրա ապահովման միջոց հանդիսացող գրավի առկա-ոսկյա իրերը պատկանում են միջնորդին), չօգտվել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն:
Բանկը զգուշացնում է, որ նման դեպքերում վարկային պարտավորությունների չկատարման և հետագա բացասական հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունըկրում է միայն վարկառուն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Երևանի Վարդանանց 109 հասցեի բնակիչ Արմենուհի Գաբրիելյանն ու Սասունցի Դավիթ 40 հասցեի բնակիչ Վերգինե Ղազարյանը կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։
«Ա1+»-ի հետ զրույցում նրանք ասել էին, որ «ՎՏԲ» բանկում իրենց ծանոթի խնդրանքով ոսկու գրավադրում են ձևակերպել, իսկ գրավադրման լուծարվելուց հետո բանկից տեղեկացրել են, որ 30 տոկոս տոկադրույքով վարկ է ձևակերպված իրենց անունով։ Նրանք նշել էին, որ այս խնդրով 6 ընտանիք բնակարան կորցնելու վտանգի առջև է կանգնած: