Ով պետք է վճարի. Ռուբեն Մելիքյանը՝ ՄԻԵԴ վճռի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞վ պետք է փոխհատուցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճռով ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանի 1մլն 602 հազար եվրո գումարը։ Սա մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացրած ամենամեծ գումարով որոշումն է։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեց, որ Բուզանդ փողոցի տների հետ կապված դեպքեր են եղել, երբ գումարի փոխհատուցումը եղել է պետության եւ մասնավոր կառույցի համաձայնությամբ․
«Վճարվել են կոնկրետ կառուցապատողների կողմից, այդպիսի պրակտիկա Հայաստանում եղել է։ Ես ընդամենը կուզեի խնդրել մեր գործընկերներին ուսումնասիրել միջազգային փորձը։ Ես ուսումնասիրություն 2016-2017թվականներին եմ իրականացրել, այն ժամանակ չկար որեւէ պետություն, որը ուղղակիորեն եւ մեխանիկորեն կապ էր տեսնում նյութական փոխհատուցման միջեւ»։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Մոլոդովայի Հանրապետությունում փորձ էր կատարվել ընդունել օրենք, որով դատավորները պետք է փոխհատուցումներն անեն, սակայն միջազգային գործընկերները դա ուղղակի համարել են միջազգային ստանդարտներին անհամապատասխան․
«Եւ այս փորձը մինչեւ վերջ չէր արվել։ Միառժամանակ հասկանալի է մեր քաղաքացիների վրդովմունքը, որ դա պետք է արվի մեր հարկատուների հաշվին։ Կա նաեւ մոտեցում, որ սա այն գինն է, որ մեր հանրությունը պետք է վճարի, որպեսզի ունենա Եվրոպական դատարանի պաշտպանության մակարդակը»,-ասաց իրավապաշտպանը։