Զուգադիպություն է. «Սանիթեքի» տնօրենը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերության աշխատանքի վատթարացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է Թբիլիսիում ասուլիս տալ, որովհետև ինֆորմացիա է ստացել, որ մեդիաարշավ է սկսվելու: Այս մասին Թբիլիսիից ուղիղ կապով հայտնեց ընկերության տնօրեն, սեփականատեր Նիկոլա էլ Թավիլը։
Իսկ թե ինչո՞ւ նա ներկա չէ այսօրվա ասուլիսին, վերջինը նշեց, որ ընկերության իրավաբանական թիմի կողմից խորհուրդ է տրվել այս փուլում չգալ։ Մանրամասների մասին Նիկոլա էլ Թավիլը չցանկացավ մեկնաբանություն տալ: Տնօրենը հերքում է այն, թե սաբոտաժ է անում քաղաքապետարանի դեմ:
«Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում այն փաստը, որ ընկերությունը սկսեց առավել վատ աշխատել, երբ հրաժարական ներկայացրեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նիկոլա էլ Թավիլը չհամաձայնեց, թե աղբահանության խնդիրները առաջացել են հեղափոխությունից հետո, երբ նաև հրաժարական տվեց Տարոն Մարգարյանը:
«Ուղղակի զուգադիպություն է եղել, որ ընկերության վիճակը ծանրացավ հենց այդ ժամանակաշրջանում: Մենք ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունեցող ընկերություն ենք, մենք միջազգային ներդրող ենք: Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար պետք է կորցնենք մեր գումարները՝ Տարոն Մարգարյանի՞, քաղաքապետարանի՞, թե՞ Կառավարության»,-ասաց նա: