Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո». հայ–վրացական 9-րդ հակամարտություն

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Վրաստանի 2018թ չեմպիոն «Սաբուրթալոյին»:

 

Երկու երկրների թիմերը 9-րդ անգամ են հանդիպում եվրոգավաթային մրցաշարում: Նախորդ ութ հակամարտություններից միայն 3-ում է հաջողությունն ուղեկցել մեր թիմերին, ընդ որում Երեւանի «Արարատը» 1997-98թթ գավաթակիրների գավաթի խաղարկությունում միայն տեխնիկական հաղթանակի օգնությամբ է շրջանցել Բաթումի «Դինամոյին»: Վրացական արգելքը մեկական անգամ հաղթահարել են նաեւ Երեւանի «Բանանցն» ու Գյումրիի «Շիրակը» (11 հարվածաշարում):

 

Հայաստանի եւ Վրաստանի ակումբների միջեւ կայացած 16 եվրոգավաթային հանդիպումներում մեր թիմերը տարել են 3 հաղթանակ, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, իսկ 10-ում պարտություն են կրել: Գնդակների հարաբերությունը՝ 13-32:

 

Բուքմեյքերները «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատել են 1,90 գործակցողվ: Վրացական թիմի հաղթանակը հավասար է 4,00 գործակից: Հանդիպման ամենառեալ արդյունքն ըստ բուքմեյքերների 1:0 հաշիվն է: Նշենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

 

Հայաստանի եւ Վրաստանի թիմերի եվրոգավաթային բոլոր խաղերը

 

1997/1998թթ, գավաթակիրների գավաթ

Որակավորման փուլ

«Դինամո» Բաթում - «Արարատ»՝ 4:2 (0:3 տեխնիկական պարտություն), 2:0

 

1998թ, Ինտերտոտոյի գավաթ

Որակավորման 1-ին փուլ

«Տորպեդո» Քութաիս - «Էրեբունի»՝ 6:0, 1:1

           

2005/2006թթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ

Որակավորման 1-ին փուլ

«Բանանց» - «Լոկոմոտիվ» Թբիլիսի՝ 2:3, 2:0

 

2006/2007թթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ

Որակավորման 1-ին փուլ

«Ամերի» Թբիլիսի - «Բանանց»՝ 0:1, 2:1

 

2006թ, Ինտերտոտոյի գավաթ

Որակավորման 1-ին փուլ

«Կիլիկիա» - «Դինամո» Թբիլիսի՝ 1:5, 0:3

 

2011/2012թթ, Եվրոպայի լիգա

Որակավորման 1-ին փուլ

«Բանանց» - «Օլիմպի» Ռուստավի՝ 0:1, 1:1

 

2016/2017թթ, Չեմպիոնների լիգա

Որակավորման 2-րդ փուլ

«Դինամո» Թբիլիսի - «Ալաշկերտ»՝ 2:0, 1:1

 

2016/2017թթ, Եվրոպայի լիգա

Որակավորման 1-ին փուլ

«Դիլա» Գորի - «Շիրակ»՝ 1:0, 0:1, 11մ՝ 1:4