«Գրպանահատության դեպքերի 95 տոկոսն արձանագրվել է Երեւանում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի առաջին կիսամյակում 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրպանահատության դեպքերն ավելացել են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության շտաբի պետի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը։
Գրպանահատության դեպքերի 95 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, հատկապես՝ Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա, Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններում։
Առավել հաճախ դրանք կատարվում են հասարակական տրանսպորտում եւ հասարակական վայրերում։ Գրպանահատությունը կատարվում է հիմնականում օրվա ծանրաբեռնված ժամերին։
Հակոբ Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին հասարական վայրերում առավել ուշադիր լինել իրենց իրերի նկատմամբ։
Նա նշեց որ Երեւանում բացահայտման եւ կանխարգելման ամենժամյա աշխատանքներ են իրականացվում։
Իսկ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի պետի տեղակալ Հարություն Անոյանն էլ, անդրադառնալով վերջերս սոցիալական ցանցերում հրապարակված երկու դեպքերին, ասաց, որ առաջին դեպքով բացահայտվել է կատարողը, սակայն տուժողի կողմից բողոք չի եղել, իսկ մյուս դեպքով, երբ տուժողն ասել է, որ իրեն դանակով վնասել են, անձը բերման է ենթարկվել, եւ հիմա նյութեր են նախապատրաստվում։
Հակոբ Պետրոսյանը քաղաքացիներին հորդորեց, որ անգամ գրպանահատին հայտնաբերելու դեպքում պասիվություն չդրսեւորեն եւ անմիջապես զանգահարեն 1-02։