Քաղաքական նպատակի համար երբեւիցե չեմ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ․ ԱԱԽ քարտուղար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անվտանգության տեսանկյունից, բնականաբար, լավ կլիներ, որպեսզի այդ փաստաթղթերը չհայտնվեին»,-կառավարության նիստից հետո, անդրադառնալով Մարտի մեկի գործին վերաբերող քննչական փաստաթղթերի տրամադրմանը բրիտանական BBC լրատվական ծառայությանը, նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդհանրապես լուծված է այդ հարցը։ Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ Վիկիլիքսը վառ օրինակ է, որ նույնիսկ ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել են լրատվամիջոցներում։ Մենք ապահովագրված չենք դրանից, բայց բնականաբար աշխատում ենք, որպեսզի մինիմումի հասցնենք այդ վտանգը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ որեւիցե արտահոսք չլինի, դրա համար կան մեխանիզմներ, դրա համար կա գաղտնիության մասին օրենք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաեւ իր՝ արցախցի լինելուն եւ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին մասնակցությանը։
«Ես գրանցված եմ ՀՀ-ում։ ՀՀ-ում գրանցված որեւիցե անձ իրավունք չունի մասնակցելու Արցախի ընտրություններին։ Մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին, եւ սա է մեզ համար ամենաառաջնային խնդիրը։ Այս պահին քննարկվում է, համարյա վերջնական փուլում է Արցախի նոր ընտրական օրենսգիրքը, եւ այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն այդ օրենսգրքում։ Որպեսզի լինի մեխանիզմ, որով անցկացվեն արդար ընտրություններ Արցախում»։
Պարոն Գրիգորյանը նկատեց, որ քաղաքական նկատառումներով Սահմանադրություն չպետք է փոփոխվի։ «Ես ամբողջ կյանքում պայքարել եմ որեւիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ ես կյանքում քաղաքական նպատակի համար երբեւիցե չեմ աջակցի կամ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»,- նշեց պարոն Գրիգորյանը։