Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որին հետևում է աշխարհը․ Սերգեյ Սմբատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն քաղաքում, նույն երկրում, որտեղ ապրում է պարոն Մանսուրյանը։ Երջանիկ եմ լինել իր կողքին և հազարապատիկ երջանիկ եմ, որ ֆիզիկապես հենց հիմա իր կողքին եմ»,-Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս խոսքերով սկսեց Տիգրան Մանսուրյանի 80-րդ հոբելյանի առիթով սեպտեմբերի 1-13-ին անցկացվող «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարին ընդառաջ հրավիրված ասուլիսը:
Մանսուրյանական օրերը կմեկնարկեն Արցախից. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Տիգրան Մանսուրյանի սիրահարները սեպտեմբերի 1-ին հնարավորություն կունենան ունկնդրել վարպետի կինոերաժշտությունը։
Անվանի կոմպոզիտորը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իր համերգաշարի կազմակերպմամբ են զբաղված։
«Երաժշտությանը մեր իշխանությունը ուշադրություն է դարձնում։ Շնորհակալ եմ, որ այս ամբողջի միջով կրկին պետք է անցնեմ»,- ասում է նա։
Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար մեծ պատիվ է լինել Տիգրան Մանսուրյանի կողքին: Մաեստրոյի հետ վերջին երկու տարվա շփումներից հետո նախարարը հասկացել է հետևյալը.
«80 տարեկանը շատ հարաբերական է, որովհետև նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է, և վստահ եմ, որ առաջիկա տասնամյակներում նա մեզ շարունակելու է զարմացնել»,- ասաց նա։
Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ասուլիսին ներկա դիրիժորն ասում է՝ աշխարհում երկու Մանսուրյան կա, Մանսուրյան, որին գիտեն Հայաստանում և որին գիտեն աշխարհում։
«Կան շատ հայտնի կոմպոզիտորներ, որոնք ստեղծագործում են, որին հետևում են աշխարհում, իսկ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որին հետևում է աշխարհը։ Երաժշտական այն էլիտան, որը տեսնում է, թե ինչ է ստեղծվում աշխարհում, և մաեստրոն հենց այն կոմպոզիտորն է, որը մարդկանց օգնում է այդ գործում»,- նշում է դիրիժորը։
«Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի համար քաղաքապետարանը հատուկ հուշամեդալներ է պատրաստել, դրանք սահմանափակ են։ Քաղաքապետի կողմից առաջին նմուշը նվիրվեց Տիգրան Մանսուրյանին, այնուհետև՝ Արայիկ Հարությունյանին և Սերգեյ Սմբատյանին։
Երևանաբնակ հանդիսատեսը Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը կունկնդրի սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին։ Համերգաշարը կամփոփվի Գյումրիում՝ սեպտեմբերի 13-ին: