Շատերը կրակի մեջ էին՝ հանգցնում էին, ղեկավար անձնակազմից շատերն էլ սպիտակ վերնաշապիկով էին եկել․ Ֆ․ Ցոլակյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ամռանը տեղի ունեցած հրդեհների 90%-ից ավելին կապում է մարդկային գործոնի հետ։
«Մենք ունենք դեպքեր, որտեղ ապացուցված են, որ այրել են դիտավորյալ։ Հիմա Դատախազությունում 3 դեպքում քրեական գործեր կան։ Այդ գործերը մեր հետաքննությունը փոխանցել է Դատախազություն։ Այս երեքը համեմատաբար փոքր դեպքեր են։ Իսկ Ծիծեռնակաբերդինը անզգուշություն է։ Դրա մեջ դիտավորություն չեմ տեսնում, բայց անփութության արդյունք է»։
Անդրադառնալով «Ձյունիկ սառնարան» ընկերության հրդեհին՝ նախարարը նշեց, որ ինքը չի ցանկանում խառնվել գործարարների վեճին, իրենց մասով՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրենք արդեն արել են։
«Մինչև այսօր հերթապահություն ենք իրականացնում այնտեղ, որովհետև այնտեղ հանգցնելուց հետո բարդ գործընթաց կար․անհրաժեշտ էր դուրս հանել փչացած մթերքը։ Դա մեզ հաջողվեց անել միացյալ ուժերով՝ Կառավարության միջամտությամբ։ Այնտեղից մոտավորապես հազար տոննա փչացած մթերք է դուրս հանվել, որը շատ վտանգավոր է։ Այս հրդեհի հետ կապված մեր նախնական հետաքննության նյութերը տրվել են արդեն տարբեր տեղեր փորձաքննության։ Արդյունքները կիմանանք, դրանից հետո Դատախազությունը կորոշի։ Նույնը Մալաթիա Մոլի հետ կապված»,- նշեց նախարարը։
Մալաթիա Մոլի հրդեհի ժամանակ շենքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը խոստանում էր, թե ինքը հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին «կտանի պատիվ տալու»։ Ֆելիքս Ցոլակյանը ոչ մի կերպ չի վերաբերում այդ հայտարարությանը։ Ասաց՝ ինքը թույլ չի տվել, որ նման բան լինի։
Նախարարի խոսքով կառույցում օպտիմալացման գործողությունները կսկսեն հոկտեմբեր ամսվա սկզբին։ Աշխատանքից ազատման մասին ծանուցումներն ուղարկել են երկու ամիս առաջ։
Ֆելքս Ցոլակյանը նշել էր, որ կառույցում կան ոչ բարեխիղճ աշխատակիցներ, որոնք թեև համազգեստ են կրում, բայց չեն արտահայտում նախարարության գաղափարը։ Նախարարի խոսքով օպտիմալացումը առաջին հերթին վերաբերում է հենց այդ աշխատակիցներին։
«Վերջերս ունեցած խորհրդակցության ժամանակ ես ասացի, որ երբ շատերը կրակի մեջ էին՝ հանգցնում էին, ղեկավար անձնակազմից շատերը սպիտակ վերնաշապիկով էին եկել։ Ես համարում էր, որ դա ամենամեծ սխալն էր, որ նրանք թույլ են տվել։ Նրանք հավանաբար կազատվեն աշխատանքից։ Մենք փրկարարական ջոկատներում ունենք անձնակազմի խնդիր։ Հավանաբար բարձրաստիճան զինվորականների որոշ մասին կրճատելու պարագայում ես կարող եմ մեկը դարձնել երկուս՝ ավելացնել այն տեղերը, որ մեզ անհրաժեշտ են»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը։