Առանց իրավական հիմքի թողնում են, որ ընկերության աշխատանքը կազմաքանդվի․ պատգամավորը՝ Ամուլսարի վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե հանքի տարածքը ապաշրջափակվում է, դա չի նշանակում, որ հենց վաղը ոսկի է արդյունահանվելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ամուլսարի վերաբերյալ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ այս պահի որոշումն այն է, որ հանքի շինարարական աշխատանքները չպետք է խոչընդոտվեն։
«Ի սկզբանե ասել եմ, որ եթե հանքը պետք է փակվի, ապա պետք է իրավական հիմքեր լինեն։ Վարչապետի ելույթից այն հատվածը լսեցի, որ այս պահին իրավական հիմք չկա։ Եթե այս մեկ տարում լրացուցիչ իրավական հիմքեր առաջանան, որ թույլ կտան` փակեն, նշանակում է այդ ժամանակ որոշակի գործողություն կլինի, իսկ այս տարբերակով՝ առանց իրավական հիմքի թողնում են, որ այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է»,- ասաց Բաբկեն Թունյանը։
Պատգավորը հույս ունի, որ գործը ոստիկանությանը չի հասնի, և հասարակությունը գիտակցված որոշում կկայացնի։
«Ընդամենը բավական է, որ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերպից շեղվեն և ու հարցին երկու կողմից նայեն»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։
Դիտարկմանը, թե ըստ «ԷԼԱՐԴ» միջազգային ընկերության՝ պետք է նոր ՇՄԱԳ անցկացվեր, Բաբկեն Թունյանը նշեց, թե «ԷԼԱՐԴ»-ը գիտական եզրակացություն է տվել, իսկ որոշումը պետք է կայացնի Կառավարությունը՝ հենվելով ՀՀ օրենքների վրա։
«Եթե ՀՀ-ում առանց իրավական հիմքի կարգելվի այդ ընկերության գործունեությունը, ապա դա լրջագույն պրեբլեմ կառաջացնի Հայաստանի համար»,- շեշտեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։