Բացել լրահոսը Փակել լրահոսը
1527013707_1.thumb
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս կարելի է ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ պետությունները կամ կազմակերպությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ այդ կազմակերպությունում։

«Այն փոփոխությունը, որն արվում է, կոչված է նրան, որպեսզի հստակեցվի այդ ամբողջ գործընթացը՝ ներկայացվող պահանջները, ինչպես նայել նախատեսելու՝ որ դեպքում կարող է այդ որոշումը վերանայվել։ Բացի այն հանգամանքից, որ կանոնակարգված է միջազգային կազմակերպության կամ պետության դիտորդի կարգավիճակը, նաև նախատեսվում է գործընկերոջ կարգավիճակ»,-պարզաբանեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Պարոն Քոչարյանը հարկ համարեց շեշտել, որ թե՛ դիտորդի, թե՛ գործընկերոջ կարգավիճակ կարող են ստանալ պետությունները կամ միջազգային կազմակերպություննները միայն կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր անդամ պետությունների համաձայնության պարագայում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքվեց՝ արդյո՞ք Հայաստանի վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանի՝ այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհումը։

«Մենք ոչ թե վետոյի իրավունք ենք կիրառում, այլ որոշումը կայացվում է համատեղ։ Այսինքն մենք և մնացած անդամ պետությունները ցանկացած պետության դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի համար պետք է համատեղ որոշման գանք։ Այն պետությունը, որին հիշատակեցիք՝ Ադրբեջանը, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հիմնավորման կարիք չկա, չեմ կարծում, որը գործը կհասնի նրան, որ մենք միայնակ կմնանք»,- նկատեց Շավարշ Քոչարյանը։

Արձագանքելով փոխարտգործնախարարին՝ Արման Բաբաջանյանը նշեց, թե Ադրբեջանին նույնիսկ հաջողվել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անել։ Ըստ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի՝ Ադրբեջանը կարողացել է հասնել նաև նրան, որ կարող է Հայաստանի սահմաններին կրակել, բայց ՀԱՊԿ-ը ձեռնպահ է մնացել նույնիսկ տարրական հայտարարություն անելուց։

«Մենակ մնալ-չմնալ, դուք կարեւոր արձանագրության այնպիսի հայտարարություն եք անում, որոնք արդեն իսկ վախեր են առաջացնում, որ կարող է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, իսկ դա արդեն մեծամասնություն է, համաձայնությամբ ստացվի այնպես, որ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի հարց գա օրակարգ, և Հայաստանը չկարողանա իր ձայնը լսելի դարձնել և մենակ մնալ»,- շեշտեց Արման Բաբաջանյանը։

Ի պատասխան պատգամավորի՝ Շավարշ Քոչարյանը նշեց, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Հայաստանն է հետ կանչել։