Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131893
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները հետին թվով խմբագրել են Ծերեթելիին վերագրվող հարցազրույցը․ ԱԳՆ խոսնակ (տեսանյութ)

Այսօր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցին։

Նաղդալյանը նշեց, որ ՀՀ դեսպանության հաղորդագրությունում նշվել է, որ կայացել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի և Գեորգի Ծերեթելիի միջև հանդիպում, որտեղ, ի թիվս  այլ հարցերի, անդրադարձ է կատարվել սրան։

«Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Հայաստանի մշտական ներակայացուցչության կողմից, ինչպես նաև մեզ ասել են, տեղեկացրել են ԵԱՀԿ-ում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, Գեորիգի Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ, առվելևս բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին։ Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձևավորումը»,- ընդգծեց Նաղդալյանը՝ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված ինֆորմացիոն ապատեղեկատվության մասին։

Նա նաև հավելեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով արդեն իսկ խմբագրել են Ծերեթելիին վերագրվող հարցազրույցը։ Սա առաջին անգամը չէ, խոսնակի փոխանցմամբ, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրված տեղեկություններ է վերագրում որևէ բարձրաստիճան պաշտոնյանի։ Ըստ ԱԳՆ մամլո խոսնակի՝ ադրբեջանական կողմի այսպիսի քայլերը չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ լուսաբանման գործում ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը։

Նաղդալյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 9-ին Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի (առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունում) համաձայնագիրը կիրառող արձանագրությանը։ Արձանագրության ստորագրումը, խոսնակի փոխանցմամբ, նախատեսված է ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն և ԵՄ անդամ պետությունները պետք է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ ստորագրեն։ 

«Արձանագրությունն իրենից ներկայացնում  է տեխնիկական փաստաթուղթ, որով կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնվում են ստեղծել արդյունավետ իրավական ընթացակարգեր այն մարդկանց հայտնաբերման, անվտանգ ու կանոնակարգված փոխանցման առընչությամբ, որոնք չեն համապատասխանում ՀՀ և ԵՄ անդամ պետության սահմանը հատելու, այնտեղ լինելու և բնակվելու չափանիշներին, ինչպես նաև դյուրացված կերպով կազմակերպել նրանց տարանցումը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մինչև այս՝ Հայաստանն այսպիսի արձանագրություն ստորագրել էր «Բենիլյուքս»-ի պետությունների (Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ), Էստոնիայի և Ֆրանսիայի հետ։ 

Իսկ ներկայումս այդպիսի արձանագրությունների ստորագրման նախագծման փուլում են հետևյալ պետությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Շվեդիա։