Հայազգի նկարչի ստեղծագործություններն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի բազմաթիվ պատկերասրահներում իր ստեղծագործություններով ներկայացած Վրաստանի վաստակավոր նկարիչ, հայազգի Լև Բայախչևի գեղանկարները առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում։
Արվեստագետի ծննդյան 89-ամյակի կապակցությամբ SarGallery պատկերասրահում սեպտեմբերի 7-ից սկսած 3 շաբաթ ցուցադրվում են արվեստագետի 30 աշխատանքները։
Լև Բայախչևը ծնվել և ստեղծագործել է Թբիլիսիում։ Պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանը նշում է, որ դեռեւս արվեստագետի կենդանության տարիներին նկարիչը ցանկացել է ներկայանալ հայրենիքում, 1990-ականներին այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, չի ստացվել։
«Լև Բայախչևի մասին ինչքան հնարավոր է շատ պետք է լուսաբանվի և խոսվի, քանի որ նա ազգությամբ հայ է և իր պատմական հայրենիքում չի ներկայացվել»,-նշում է պատկերասրահի տնօրենը Արմինե Սահակյանը։
Լև Բայախչևի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում «Սայաթ նովա» շարքը, այն ավարտին հասցնելու համար նկարիչն աշխատել է երկու տարի։
«Սայաթ Նովայի ստեղծագործությունները մշտապես հուզել է ստեղծագործողին։ Նկարներից մեկում նա Սայաթ Նովային ներկայացրել է Հիսուսի կերպարում։ Նրա նկարներում մենք տեսնում ենք Սայաթ Նովայի երգերից որոշ պատառիկներ»․պատմում է Արմինե Սահակյանը։