Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Լավ երաժիշտները ֆեյսբուքներում գրելու ժամանակ չունեն, թե ինչ են ուտում»․ Էդուարդ Թոփչյան (տեսանյութ)

Վաղը Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգան աշխարհահռչակ գերմանացի շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը, ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ով ի դեպ, նաև փառատոնի համահիմնադիրն է։ Նրա խոսքով՝ ինքն անչափ ուրախ է, որ այսօր մի երկրում, որն ունի բազում խնդիրներ՝ կա նման նվագախումբ, որ համապատասխանում է միջազգային չափանիշների, և որ իրենք կարողանում են բերել փայլուն երաժիշտներ։

«Այս փառատոնի սկզբունքն է հրավիրել լավագույն, երաժիշտների,-ասում է Էդուարդ Թոփչյանը և իրեն բնորոշ հումորով հավելում,- իսկական երաժիշտների, այլ ոչ թե թոփ։ Կան թոփ երաժիշտներ, որ չես հասկանում, թե ինչու են թոփ, կան, որ թոփ են, բայց հասկանում ես։ Սովորաբար, այն երաժիշտները, որ զբաղված են իրենց երաժշտությամբ, չեն գրում, որ հիմա ուտում են, հետո պետք է գնան փորձի այսինչի, կամ այնինչի հետ։ Մենք կանչում ենք այն երաժիշտներին, որոնց հանդիսատեսը ֆեյսբուքներից չէ, որ տեղյակ է։ Սա է մեր չափանիշը։

Նրա խոսքով, այսօր աշխարհում շատերը արվեստը ծառայեցնում են իրենց նպատակներին։ Հայաստանում ևս այս սկզբունքը զարգանում է «կոսմիկական» արագությամբ։

Նշենք, որ վաղվա համերգին ելույթ կունենա  շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը, որը 14 տարեկանում կատարել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը և ստացել առաջին մրցանակը։ «Շատ քաղցր կոկաին է այս գործը, - ժպիտով ասում է շեփորահարը,- Ես ամեն տարի երկու, երեք անգամ կատարում եմ, բայց ոչ ավելին, քանի որ «թմրում» եմ։