Արման Աբովյանն առաջարկում է Աժ-ում փորձագետների թիվն ավելացնել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծով առաջարկվում է խմբակցություններում աշխատող փորձագետների քանակի ավելացում։
«Առաջարկում ենք բոլոր ֆրակցիաններին ավելացնել ևս մեկ փորձագետ։ Հիմնավորումն այն է, որ օրենսդրական նախագծերը, որոնք ներկայացվում են թե՛ կառավարության, և թե՛ ֆրակցիայի կողմից, որակապես շատ են տարբերվում նախկինից, քանի որ հիմա բոլոր ուղղություններով գտնվում ենք բարեփոխումների ակտիվ փուլում։ Այդ իսկ պատճառով փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում աշխատել ԱԺ ֆրակցիաներում ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների վրա»։
Նա ընդգծեց, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել Ազգային ժողովի աշխատանքի էֆեկտիվությունը, սակայն նախագիծը դեռևս պետք է ենթարկվի փոփոխությունների, ավելացումներ և շտկումներ պետք է արվեն երկրորդ ընթերցմամբ։
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարցրեց նրան, թե որքանո՞վ է արդարացի, որ մեծ և փոքր խմբակցություններն ունենան նույն թվով փորձագետներ։ Եվ արդյոք աշխատավարձի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Արման Աբովյանը պատասխանեց, որ նման հարցերը դեռևս քննարկման փուլում են, և կգտնվեն օբյեկտիվ լուծումներ։ Եվ ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունները հիմնականում գալիս են Կառավարությունից, և պետք է բալասանվորվի նաև այս տենդենցը։
Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձերի ֆոնդի բարձրացմանը, այդ ուղղությամբ, նրա խոսքով, քննարկումներ եղել են, սակայն դեռևս հստակ որոշում չկա։