Անի Սամսոնյանը կոչ է անում ստուգել բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Աժ նիստի ժամանակ նշեց, որ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այն հարցով, որ հանրության շրջանում տարակուսանք է առաջանում, թե ինչու է Բարձրագույն որակավորման կոմիտեն ուսումնասիրել միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Արդյոք մյուս բուհերում ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զե՞րծ են գրագողությունից։
Սամսոնյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը իրեն պատասխանել է, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փորձաքննության և արդյունքների հետ կապված գործընթացները պայմանավորված են եղել վերադասի հատուկ հանձնարարականով, քանի որ գիտական աստիճանի շնորհումից հետո ատենախոսությունների կամ գիտական աշխատանքների ուսումնասիրությունը գտնվում է ԲՈԿ իրավասությունից դուրս։
«Ես պետք է ասեմ, որ ինձ դիմել են տնտեսագիտական համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ և ներկայացրել կոնկրետ փաստեր, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքում բացահայտել են ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից։ Շրջանավարտները կոչ են անում՝ եթե Ռուբեն Հայրապետյանին հեռացնելու պատճառը արտագրությունն է, այդ դեպքում պատասխանատու մարմինները իրավունք չունեն լռելու և պարտավոր են պատշաճ գնահատական տալ նաև Դիանա Գալոյանի ատենախոսությանը»,- ասաց նա։
Անի Սամսոնյանը նշեց, որ կոչ է անում ԿԳՄՍ նախարարին հատուկ հանձնարարականներ իջեցնել և ստուգել ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները։