Նախարարի խոսքով՝ գրեթե բոլորի վերջնահաշվարկի գումարը տրվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, թե ինչո՞ւ մինչ այսօր չի վճարվել հունվար ամսից աշխատանքից ազատված Պետական հրդեհային և տեխնիկան անվտանգության տեսչության թվով 104 քաղծառայողների վերջնահաշվարկի գումարները։
Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց․
«Դեկտեմբերին եղել է հրաման, հակահրդեհային տեսչությունը մտել է տեսչական մարմնի կազմի մեջ, և դրա պատճառով դուրս է եկել մեր կազմից, բայց դրանից հետո, քանի որ ստեղծվել է հետաքննության վարչություն, և այդ վարչությունում պետք է վերականգնվեին այդ աշխատողների որոշ մասը, իսկ մյուս մասը պետք է գնային Քաղաքաշինության և հակահրդեհային տեսչությունում աշխատանքի, դրա պատճառով Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված՝ թողել ենք, որ մարդիկ տեղավորվեն, որից հետո նոր պետք է վերջնահաշվարկ կատարվեր։ Դրանից հետո մենք վերջնահաշվարկ տվել ենք, այնտեղ երկու-երեք մարդկանց մասին է խոսք գնում, նրանցն էլ այս մի քանի օրվա մեջ կլինի»։
Ինչ վերաբերում է Հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության հաստիքների համալրմանն առնչվող դիտարկումներին՝ նախարարն արձագանքեց․
«Մենք ընդունել ենք այն մարդկանց, ովքեր գործից հասկանում են՝ ոստիկանության նախկին հետաքննիչներ և այլն»։