Չեմպիոնների լիգա. Լիոնել Մեսին ու Էրլինգ Հաալանդը նոր ռեկորդներ են սահմանել
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի մնացած ութ հանդիպումները:
E խմբի առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Ավստրիայի չեմպիոն «ՌԲ Զալցբուրգին»: Գործող գավաթակիր «Լիվերպուլը» Բելգիայում ջախջախեց այդ երկրի չեմպիոն «Գենկին»՝ 4:1: Իտալական ակումբը 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ անգլիացիները 6-ով ընթանում են 2-րդ հորիզոնականում:
«ՌԲ Զալցբուրգի» ֆուտբոլիստ Էրլինգ Հաալանդը սահմանել է չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ: Նորվեգացի հարձակվողը խմբային փուլի առաջին երեք խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Նա մեկ գնդակով գերազանցել է «Մարսելի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային:
F խմբում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և վաստակած միավորներով հավասարվեց հենց մրցակցի հետ (4-ական): Գերմանական թիմի սայթաքումից առաջինը օգտվեց «Բարսելոնան», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Չեխիայի չեմպիոն «Սլավիային» և յոթ միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ 15 անընդմեջ մրցաշարերում:
G խմբի առաջատարներն այս տուրում պարտություն կրեցին: Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեդ Բուլ Լայպցիգին», իսկ «Լիոնը» Լիսաբոնում զիջեց տեղի «Բենֆիկային»՝ 1:2: Արդյունքում, գերմանական ակումբը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ նախկին առաջատարները 4-ական միավորով այժմ բաժանում են 2-3-րդ տեղերը: «Բենֆիկան» 3 միավորով եզրափակում է աղյուսակը:
H խմբի առաջատար «Այաքսը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվելով «Չելսիին», առաջին տեղը սկսեց կիսել հենց անգլիական ակումբի հետ: Թիմերն այժմ ունեն 6-ական միավոր: Իսպանիայի «Վալենիսան» Ֆրանսիայում ոչ-ոքի խաղալով «Լիլի» հետ՝ 1:1, կորցրեց առաջատարներին հավասարվելու լավ շանսը:
Չեմպիոնների լիգայի հաջորդ՝ 4-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 5-ին և 6-ին: