Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անի Զախարյանը ստորագրահավաք է անում կառավարության դիմաց՝ վարչապետ նշանակվելու համար (տեսանյութ)

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։

Սեղանիկի վրա Հայաստանի դրոշն է, դիմացը փակցված է «ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյան» գրությամբ պաստառ, դրված են ստորգրահավաքի համար նախատեսված թուղթ, «Ժողովրդական արդարության ազգային շարժման հեղափոխության հռչակագիրը»։

Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։

«Այս կառավարության աշխատանքում թափանցիկություն չկա, այս կառավարությունը, որ նախորդների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, մենք չգիտենք այդ բռնագանձված գումարներ ինչ միջոցների են գնում, ինչպես են ծախսվում», - ընդգծեց Ա․Զախարյանը։

Նա նաև մերժում է Արցախյան հակամարտության կարգավորումը Մադրիդյան սկզբունքների վրա։ 

Դիտարկմանը, թե իր կազմակերպած հավաքներին գրեթե մարդ չի գալիս, կամ սակավաթիվ են հավաքները լինում, նա պատասխանեց, որ պատճառն իր դեմ իրականացվող տեղեկատվական շրջափակումն է։