Ո՞ւմ է կասկածում «27»-ի մեջ Աստվածատուր Պետրոսյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1999 թվականի Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ռազմական, պետական գործիչներ, քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ռազմական, պետական գործիչ, Վազգեն Սարգսյանի շիրիմին։
Ծաղկեպսակներ էին դրվել ՀՀ պաշտպանության նախարարության, Երկրապահ կամավորականների միության վարչության, Ազգային ժողովի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախյան ազատամարտիկ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի («Սիրելի Սպարապետին զորավար Մանվել Գրիգորյանից» վերտառությամբ - հեղ.) անուններից։
Հոկտեմբերի 27-ին կատարվածի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց Արցախյան ազատամարտիկ, «Արծիվ - մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, 1993-2000 թվականներին պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի հետ։
Հոկտեմբերի 27-ին, ըստ Պետրոսյանի, Պաշտպանության նախարարությունն իր առօրյա ռեժիմով աշխատում էր։
«Կառավարությունն ամբողջ ծավալով զորավարժությունների մեջ էր երեք ուղղությամբ՝ Գորիսում, ամբողջ Հորադիսի ուղղությունը, Լեռնային Ղարաբաղում հրամանատարա-շտաբային զորվարժություն էին և Հոկտեմբերյանի ուսումնական կենտրոնում՝ բոլոր տեղերում՝ նշանակված էին տեղակալները, իսկ Գորիսում նշանակված էր Պաշտպանության նախարարը, որ պետք է գնար Գորիս։ Դրա համար այդ օրը թույլտվություն վերցրեց, որ կառավարության նիստին չմասնակցի»,- ընդգծեց ազատամարտիկը։
Պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, որ ինքը վիրավորված է եղել և որոշ ժամանակ եղել բժշկի հսկողության տակ, և այնուհետև , որ լուր էին ստացել ինչ-որ կրակոցների մասին՝ խմբեր են ձևավորել, իսկ այն ժամանակի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ուղղաթիռով վերադառնալիս է եղել Երևան։
«Մենք նախօրոք գիտեինք՝ ինչ-որ համայնքապետերի ընտրություններ են, կարծում էինք, որ հնարավոր է դրանից է»,- մանրամասնեց նա։
Պետրոսյանը պատմում է, որ տեղեկանալով, թե Ազգային ժողովում են կրակոցներ հնչել, անմիջապես շատապել է այնտեղ՝ իմանալով, որ Վազգեն Սարգսյանն էլ է այնտեղ, սակայն այդ ժամանակ ներխուժման ծրագրի մասին չեն իմացել։ ՊՆ գործառույթներն այդպիսի իրավիճակներում, ըստ Պետրոսյանի, սահմանված են զինվորական կանոնագրքում և ըստ դրա գործել են, իսկ մնացյալն արդեն նկարագրված է «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերի մեջ։
Ազատամարտիկն ասաց, որ ինչպես Պաշտպանության նախարարության, այնպես էլ Ազգային անվտանգության նախարարության և մյուս ուժերի հետագա գործողությունները համակարգվել են Օպերատիվ շտաբի կողմից։ Իսկ թե ո՞ւմ է կասկածում «27»-ի մեջ, Պետրոսյանը պատասխանեց․ «Ում բառ չկա։ Դա մի ամբողջ մեծ․ ինչպես են մի ամբողջ պետականություն վերացնում։ Այսինքն՝ եթե պահանջներ ունեն, բերում են իրենց կառավարությունը․․․ Դա թելադրված էր մի ամբողջ համակարգի կողմից»։
Անդրադառնալով Մեղրիի փոխանակման ծրագրին՝ ռազմական գործիչն ասաց, որ դրա մանրամասների մասին մի քանի մարդ է իմացել և գլխավորը Մեղրիի տարբերակը չի եղել։
«Ընդհանուր մի տարբերակ է եղել, որ Հայաստանի պետականության հիմքերն ամրապնդող, եկած կառավարությունը, որ ներկայացնում է ժողովուրդը և Հայաստանի առաջընթացը՝ դրված է լավագույն հիմքերի վրա, որ ինքն է կերտելու իր ապագան և ինչպես ասում էր Կարեն Դեմիրճյանը․ «Կառուցելու ենք, պաշտպանելու ենք» և ոնց որ Վազգեն Սարգսյանն էր ասում․ «21-րդ դարը մերն է լինելու», արդեն իսկ կար տնտեսական առաջընթացի նախադրյալները։ Եվ պետությունն ու տնտեսությունը կարգի բերելու, առանց օտարերկրյա միջամտության, մեր իրական քաղաքականությամբ, այսինքն անկախ քաղաքականությամբ։ Դրա համար ինձ թվում է որոշ կլանների, կուսակցությունների, երկրների դա ձեռնտու չէր, դա կազմակերպված էր այս կամ այն մարդու միջոցով»,- նկատեց նա։ Վերջինս բոլոր կառույցների թերացումն է տեսնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։
Կազմարպիչների մասով Աստվածատուր Պետրոսյանը իր սեփական տեսակետն ունի, սակայն այլ փակագծեր չբացեց ու անուններ չտվեց։