Բացել լրահոսը Փակել լրահոսը
Telethon2019 LOGO Hay
A A
Պաշտոնական

Վերակնքվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի երկարամյա համագործակցության հուշագիրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հայփոստ»-ի բարեհաջող համագործակցությունը շարունակվում է։ Արդեն հայտնի է ս/թ հեռուստամարաթոնի օրը․ այն կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը՝ 22:00–ին և առաջին անգամ կհեռարձակվի Հայաստանից, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։ «Հայփոստը» շարունակում է օժանդակել հիմնադրամին, ուստի այս տարի ևս հուշագիր է ստորագրվել երկու կազմակերպությունների միջև՝ համաձայն որի Հայփոստը օժանդակելու է Հիմնադրամին այս տարվա մարաթոնի շրջանակներում մուտքագրված դրամական նվիրատվությունների  հավաքագրման գործում։ 

ՀՀՀ-ի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշում է․«Հիմնադրամը շատ կարևորում է Հայփոստի հետ համագործակցությունը։ Իր ավելի քան 900 բաժանմունքներով և հենակետերով ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այն հուսալի կամուրջ է ստեղծում հիմնադրամի և քաղաքացիների միջև»:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի խոսքով. «Մեր ընկերությունը մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է իր նպաստը բերում այն կարևորագույն առաքելությանը, որ իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը»:

Հեռուստամարաթոնին ընդառաջ, մինչև այս տարվա ավարտ, բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները ՀՀ քաղաքացիներից կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ապահովելու հայկական համայնքների կայուն և համաչափ զարգացումը։ 

Այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային թեմաներն են խմելու ջուրը և արևային էներգիան՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» կարգախոսով։

Լինելով հարուստ ջրային պաշարներով երկիր, ցավով պիտի նշենք, որ շատ համայնքներում դեռևս առկա են խմելու ջրի որակի և հասանելիության հետ կապված հիմնախնդիրներ։

Որակյալ և բավարար քանակով ջրամատակարարում ունենալու կարևորությունը առավել քան կենսական է։ Վստահ ենք, որ միասնական ջանքերով կարող ենք լուծել այս խնդիրը։

«Հիմնադրամը վերջին երկու տարում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև վերականգնվող էներգիայի ծրագրերի իրականացմանը, որի արդյունքում հանրային նշանայություն ունեցող շենքերն ապահովված կլինեն անվճար ջեռուցմամբ և էլեկտրաէներգիայով։ Վերականգնվող էներգիայի ծրագրերի արդյունավետության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում  խնայված գումարները ուղղել համայնքային կայուն և համաչափ զարգամցմանը», - նշում է Հ․Արշամյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

«Հայփոստ» ՓԲԸ