Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133045
A A
Քաղաքականություն

Ռուստամ Բադասյանը չի հանդիպել Նաիրի և Կարեն Հունանյաններին (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի՝ Քրեակատարական և Պրոբացիոն ծառայությունների մերժման վերաբերյալ հարցին, նշեց. «Գնահատել են իրենց գործառույթների շրջանակում և տվել են բացասական եզրակացություն»:

Նախարարը նշեց նաև բողոքարկման  40-օրյա ժամկետի մասին։ Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության վերաբերյալ հարցին, թե Նաիրի Հունանյանին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է դրդել իրականացնել սպանությունները, Բադասյանը պատասխանեց, որ դա իրավապահ մարմինների գործն է։

Նախարարը նաև ասաց, որ Նաիրի և Կարեն Հունանյանին չի հանդիպել։

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող քրեական գործերի վերաբերյալ Արդարադատության գերատեսչության ղեկավարն ասաց, որ դրանք իրավապահ մարմինների գործն են։ 

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը մասնակցում էր «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին, որից հետո էլ պատասխանեց լրագրողների հարցերին։ 

Աշխատաժողովի մասնակիցների թվում էին, բացի Ռուստամ Բադասյանից, Բաց կառավարման գործընկերության գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և այլք։ 

Քննարկմանն անդրադարձ է կատարվում կազմակերպությունների սեփականատերերի բացահայտման ուղղությամբ արդեն իսկ կատարված քայլերին ու ապագա ծրագրերին։