Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Մարդու առողջական վիճակը կապ չունի մեղադրանքի հետ. իրավապաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովը ներկայացրել է եզրակացություն, որի համաձայն Մանվել Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը խոչընդոտ չէ, որպեսզի նա մասնակցի դատական նիստերին։ Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով միջգերատեսչական հանձնաժողովի որոշմանը, նշեց.

«Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները երբեք կասկածի տակ չեմ դնում, այնտեղ տարբեր բժիշկներ են, ովքեր հետազոտում են և բավականին լուրջ հետազոտություն է»։

Ըստ Ալեքսանյանի, եթե համատեղելի է, ուրեմն Մանվել Գրիգորյանը պետք է կարողանա հարմարվել այդ իրավիճակին։

«Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Միայն անհամատեղելիության սկզբունքով կարող էին փոխել նրա խափանման միջոցը։ Ես դեմ չէի լինի, որ փոխվեր Մանվել Գրիգորյանի  խափանման միջոցը, եթե այդքան ծանր հիվանդություններ ունի, և իրոք, ես հավատում էի, որ նրա վիճակը բավականին վատ է։ Հիմա պետք է ստիպված լինեն միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը հավատալ փաստաբանները ևս»։

Ալեքսանյանի խոսքով՝ այնուամենայինվ ճիշտ կլինի, որ նրա ինքնազգացողության վատացմանը և հիվանդություններին ուշադիր լինեն,  որովհետև մարդու առողջական վիճակը կապ չունի մեղադրանքի  հետ.

«Հանրության ատելությամբ լցված արձագանքը փոխում է մթնոլորտը, վատ է անդրադառնում։ Գործը դատարանում քննվում է, պետք է համբերատար հետևել, որ գործի քննությունը արդար լինի։ Վերաբերմունքը պետք է միշտ մարդկային լինի, ես դրա կողմնակիցն եմ»,-եզրափակեց իրավապաշտպանը։