Բացել լրահոսը Փակել լրահոսը
72947381_2633263313405979_8249155772018065408_n
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունենք․ ՀՔԾ պետ (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը դեռևս ուսումնասիրում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը, որը երեկ է ՀՔԾ վարույթ ընդունվել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Այդ գործով դեռևս որևէ մեկնաբանություն չեմ անի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ՀՔԾ-ն իրավասո՞ւ է Հրայր Թովմասյանին հարցաքննել այդ գործով կամ որպես մեղադրյալ ներգրավվել՝ հաշվի առնելով այն, որ Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ անձեռնմխելի է, նա նշեց․

«Հարցաքննելու իրավունք ունենք յուրաքանչյուր անձի։ Հարցաքննելու համար ՍԴ-ի թույլտվություն ստանալու կարիք չկա։ Ինչ վերաբերում է նրան մեղադրյալ ներգրավելուն, ապա ես հիմա չեմ մեկնաբանի դա, այն իրավական վեճ է։ Ես դրա մասին տեսակետ ունեմ, բայց հիմա չեմ խոսի»։

ՀՔԾ պետից լրագրողները հետաքրքրվեցին նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի մասին։ Հարցին, թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն ամեն փոքր հարցի համար միջնորդություն ներկայացնում դատարան, ՀՔԾ պետն արձագանքեց․

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծ։ Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եզրահանգել է, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում։ Հենց այդ նկատառումով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։