Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Գլխավոր

Մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել․ Արայիկ Հարությունյան

Ազգային ժողովում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս գալու մասին տեղեկություններին։

«Այն ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն է քննարկվում, նպատակներն են քննարկվում, և թե մենք ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ: Հանձնաժողովն աշխատում է, երբ առաջարկներ կանեն, մենք կքննարկենք, որոշումները կկայացնենք: Այդ հանձնաժողովն ինձ հետ առայժմ որևէ բան չի քննարկել»,- նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը հստակ պատասխան չտվեց, թե այդ հարցի շուրջ քննարկում տեղի ունեցե՞լ է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Նա նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են և՛ կաթողիկոսի, և՛ եկեղեցու ներկայացուցիչների հետ: «Մենք ասել ենք, որ վերջնական ուսումնական պլանները փոխելու ենք 2023 թվականից»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից»։

«Կտրուկ շրջադարձեր տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, և տեսել եք, թե համակարգն ինչպես է կտրուկ շրջադարձերի ժամանակ շուռ եկել։ Այս իշխանությունը և մեր կառավարությունը հավատարիմ է իր հեղափոխական գաղափարներին և այդ ուղղությամբ շարունակում է աշխատել։ Թե ինչի մասին է խոսքը, գնացեք, նրանից հարցրեք, ես սրանից ավել մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։