Շախմատի ԵԹԱ. Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չկարողացավ շարունակել իր հաղթարշավը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր ընտրանին 1,5:2,5 հաշվով պարտվեց Անգլիայի ազգային թիմին:
Հայաստանի հավաքականի առաջին երեք համարները՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ չորրորդ համարի տակ հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տանուլ տվեց իր պարտիան: Այդ պարտությունից հետո մեր ընտրանին նահանջեց մրցաշարային աղյուսակում և այժմ 9 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը: Առաջին տեղը 12 միավորով գլխավորում է Ռուսաստանի ընտրանին:
Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Սերբիային և շարունակեց իր հաղթարշավը: Մեր թիմի առաջատարներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակներ տարան, երրորդ համար Մարիա Գևորգյանը պարտվեց, իսկ չորրորդ համար Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց ընտրանին վաստակեց 10 միավոր և միացավ միանձնյա առաջատար Ռուսաստանին հետապնդող թիմերի խմբին: