Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Սկանդինավյան համալրումներ. Ֆինլանդիան անհասանելի դարձավ Հայաստանի համար

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում հայտնի դարձան եզրափակիչ փուլի ևս երկու մասնակցի:

Այդ իրավունքն առաջին անգամ նվաճեց Ֆինլանդիայի հավաքականը, որը ընտրական փուլի 9-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և անհասանելի դարձավ իրեն հետապնդող Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի համար: Նույն, J խմբում հանդես եկող Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց բոսնիացիներին և տարավ իր 9-րդ հաղթանակը ընթացիկ մրցաշարում:   

Շվեդիայի ազգային թիմը վեցերորդ անգամ անընդմեջ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Շվեդները այս տուրում 2:0 հաշվով հաղթեցին իրենց գլխավոր մրցակցին՝ Ռումինիայի ընտրանուն, և ժամանակից շուտ զբաղեցրին 2-րդ տեղը: Այս՝ F խմբում, հաղթող ճանաչվեց Իսպանիան, որն հերթական խաղում 7 անպատախան գնդակ ուղարկեց Մալթայի դարպասը:

D խմբում առաջին հորիզոնական բարձրացավ Դանիայի ազգային թիմը, որը թվով 7-րդ խաղում 6:0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին: Երկրորդ տեղում այժմ գտնվում է Շվեյցարիայի թիմը, որը սեփական դաշտում նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ Վրաստանի նկատմամբ և շրջանցեց նախկին առաջատար Իռլանդիային: Այստեղ երկու ուղեգրերի տերերը հանտնի կդառնան վերջին տուրից հետո:

Այսօր կկայանան 9-րդ տուրի մնացած հանդիպումները: Հաղթանակ տանելու դեպքում Եվրո-2020-ի ուղեգիր կարող են նվաճել Նիդեռլանդների, Խորվաթիայի և Ավստրիայի հավաքականները: