Լուսակրի հարցը չլուծվելու դեպքում աշակերտները սպառնում են դասադուլ անել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսյան խճուղու մի հատվածում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան՝ լուսակրի բացակայություն, շենքի վթարային վիճակ և դեպի փողոց տանող կիսասարք աստիճաններ։
Բնակիչներն ասում են՝ այս հատվածում լուսակրի բացակայության պատճառով բազմաթիվ վթարներ ու պատահարներ են տեղի ունենում։
Խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել․ պատասխանն ուշանում է։ Բնակիչների խոսքով՝ երեխաները վախենալով են դպրոց, պարտեզ գնում։
«Օր չկա, որ վթար այդ փողոցում չլինի, մի մեքենան կանգնում է, մյուսը չի կանգնում, գալիս, անցնում է։ Ինչո՞ւ չեն տեղադրում լուսացույց, դա շատ վտանգավոր է»,-ասում են նրանք։
Երեխաները դժգոհում են՝ եթե բողոքները և զանգերը շարունակ անպատասխան մնան, նրանք պայքարի իրենց միջոցներն են կիրառելու․
«Ես դիմում եմ ճանապարհային ոստիկանությանը, եթե հարցը չլուծվի, դասադուլ ենք անելու»,- նշում է 14-ամյա Դավիթը։
Թիվ 5 շԵնքի վթարային վիճակը ևս մեծ խնդիր է բնակիչների համար, մշտապես հոսող կողուղաջրերը լցվում են նկուղ, և գարշահոտը տարածվում է ամբողջ մուտքով։
«Ահավոր վիճակ է, շենքը նստում է, կարող է օրերից մի օր փլուզվի, մնանք մեջը։ Բացի դա՝ մեր շենքի ամբողջ տարածքը չի վերանորոգվում, տարիներ առաջ դիմեցինք, բերեցին, շենք իջնող ճանապարհի աստիճանները կառուցեցին, բայց դա կիսատ մնաց, անհայտ է՝ կգան, կշարունակե՞ն, թե՞ ոչ»,- բողոքում է բնակիչներից մեկը։
Նրանց խոսքով՝ դեռ անցյալ տարի կառուցված խաղահրապարակը կիսատ է մնացել, բացակայում է լուսավորությունը, կանաչապատ տարածք չկա։
Արաբկիր համայնքի նոր թաղապետը այցելել է բնակիչներին․ ծանոթանալով խնդրին՝ խոստացել է խնդրին լուծում տալ։