«Հեղափոխություն՝ մեկ րոպեում» կամ «Թռիչք կկվի բնի վրայով»
Աջակցիր «Ա1+»-ինԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 29-ին կկայանա Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված բեմադրության պրեմիերան: Բեմադրության և վարկածի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ հայկական բեմում այն երբևէ չի բեմադրվել:
Արմեն Էլբակյանի խոսքով, սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մարդ արարածն ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհաբերելով ինքն իրեն՝ փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից:
«Կարծում եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն հարցի պատասխանը, թե որն է ապրելու նպատակը, ինչ պետք է անի մարդը, որ ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից։ Բարոյականության չափանիշներն անփոփոխ են»,- ասաց նա։
Ի՞նչ զուգահեռներ կարող է անցկացնել հանդիսատեսն այսօրվա իրականության հետ հարցին ռեժիսորը պատասխանեց․ «Մեր հերոսի անունը՝ Ռենդլ Պատրիկ Մաք Մըրֆի, գիտե՞ք ինչ է նշանակում։ Սա հապավում է, որ վերծանվում է՝ հեղափոխություն մեկ րոպեում», իսկ թատրոնի տնօրենը ժպիտով դիմելով լրագրողներին՝ խնդրեց չքաղաքականացնել։
Քեն Քիզիի գլուխգործոցը ավելի ճանաչված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը։
Հայկական բեմում ՄաքՄըրֆիին կմարմնավորի Արմեն Մարգարյանը։ Հարցին՝ արդյոք դերը ավելի ճշգրիտ մարմնավորելու համար այցելե՞լ է հոգեբուժարան, դերասանը պատասխանեց,
«Չեմ կարծում, որ դա այդքան կարևոր հանգամանք է։ Օրինակ՝ բժիշկ մարմնավորելու համար ի՞նչ կարևոր է, թե արյան բաղադրությունն ինչպես են որոշում»։
Երաժշտության հեղինակը՝ Գարի Քյոսայանն է:
Նրա խոսքով, իր համարն հեշտ է Արմեն Էլբակյանի հետ աշխատել։ «Երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտել մարդկային հոգեվիճակները։ Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։ Ջազի և դասականի միաձուլում է։ Սակայն, կարևորը կա երաժշտական դրամատուրգիա»։