Միայն հայկական ջազի երկրորդ համերգը կայացավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «ArmJazz Project-part 2» երեկոն, որը նախաձեռնել էր TM Production-ը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ հայկական ջազի վարպետներ Մարտին Վարդազարյանի, Լևոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի և թառահար Միքայել Ոսկանյանի մասնակցությամբ ներկայացրեց հայ կոմպոզիտորների ջազային գործերը:
Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը նշեց, որ մի քանի տարի առաջ TM Production-ը ձայնագրվեց «Հայկական ջազի անթոլոգիա»-ն՝ հայկական ջազի 75-ամյա հարուստ ավանդույթները 10 ձայնասկավառակներում, և այս համերգներն այդ նախագծի շրջանակներում կարելի է դիտարկել։
«Սա նախագծի երկրորդ համերգն է, որը ներկայացնում է հայկական կոմպոզիտորական ու կատարողական ջազային ժառանգությունը, և հուսով եմ, որ այս երեկոները շարունակական բնույթ կունենան»։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաև կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը:
«Հայրիկի գործերն, իհարկե կատարել եմ, սակայն նա միշտ ներկա է եղել իմ համերգներին։ Շատ հուզիչ է ինձ համար»,- ասաց դաշնակահարը։