Հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ռազամվարությունը։ Այն ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս ընդգծեց, որ այս ծրագրով արժանապատիվ աշխատանքը և անhատական ջանքը դրված են աղքատության հաղթահարման և ներառական տնտեսության զարգացման առանցքում․
«Նոր քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատաշուկան բնութագրող թվային ոչ այնքան բարվոք ցուցանիշներով»։
Պաշտոնական տվյալներով՝ 2018 թվականի դրությամբ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են ընդհանուր բնակչության 68 տոկոսը, որոնցից տնտեսապես ակտիվ է 57 տոկոսը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20.4 տոկոսը:
Գործազուրկների մեջ 15-34 տարեկան երիտասարդների մասնաբաժինը 45 տոկոս է, այսինքն՝ գործազուրկների մոտ կեսը երիտասարդներ են: Աշխատանքային ռեսուրսների 43 տոկոսը տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն է, որտեղ նաև մեծ թիվ են կազմում կանայք:
Գործազրկության և տնտեսապես ոչ ակտիվ բնակչության բարձր տեսակարար կշիռները որոշակի մտահոգություններ են առաջ բերում, ընդգծում է փոխվարչապետը․
«Առաջինը, տնտեսական աճի ցուցանիշը Հայաստանում անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, բացի այդ, առկա է ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ,ո րոնք ամբողջական չեն: Զբաղվածության պետական ծրագերը կամ չեն եղել գրավիչ, կամ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է»
Փոխվարչապետն ընդգծում է, որ զբաղվածության պետական ծրագրեը որոշակի առումով բարելավել են։ Տիգրան Ավինյանը նշում է նաև, որ խնդիրներից է այն, որ ներկայում խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ և արդի կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլ նաև լավ գործատու պատրաստել․
«Հաշվի առնելով վերանշյալ խնդիրները՝ մեր կողմից մշակվել է սույն ռազմավարությունը, որն ընդգրկում է 2019-23 թվականները և տարբերվում է առանձին գերատեչությունների կողմից ներկայացված ոլորտային ռազմավարություններից այն առումով, որ փորձ է արվել փաստաթուղթը մշակել միջգերատեսչական համագործակցության ու շահագրգիռ կողմերի լայն ներգրման միջոցով»,- ասաց նա:
Ռազմավարության ընդհանուր նպատակն է, ըստ Ավինյանի, մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման, ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով մարդու կյանքի որակի շարունակական բարելավումը՝ աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով․
«Ռազմավարության երեք հիմնական ուղղություններն են՝ մարդկային կապիտալի զարգացումը, զբաղվածության խթանումը և ինստիտուցիոնալ բարեփոխումները»:
Ավինյանն ընդգծեց, որ նախատեսում են կրթության ինստիտուցիոնալ և բովանդակային արդիականացում, օրինակ՝ նախատեսում են մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի համատարած ներդրում դպրոցներում, կամավորության զարգացում։