ՀՀ նախկին իշխանությունների ուղղակի միջամտություն մինչև այս փուլը չեմ նկատել․ Արայիկ Հարությունյանը` Արցախի ընտրությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ հարցին, թե 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ, լինելով Արցախի վարչապետ, ինչ տեղեկություն ունի Արցախից Հայաստան զորքի տեղաշարժի մասին․
«Արցախից զորք չի բերվել, Արցախի պաշտպանության բանակը զինված ուժերի ստորաբաժանում է, դա տեղաշարժ է եղել հայկական զիված ուժերում, տեղեկություն ունեմ, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված ներկայացուցիչները եղել են Երևանում, մենք իրավունք չունենք գնահատելու կամ քննարկելու հրամանները Զինված ուժերում»։
Հարությունյանն անդրադարձավ նաև իր ունեցվածքի, տարբեր բիզնեսների հետ առնչությունների վերաբերյալ խոսակցություններին, ասաց, որ բիզնեսով սկսել է զբաղվել 1997 թվականից, սկսել է հողագործությունից, մշակել է ազատագրված տարածքների հողերը։
«Եկամուտս հիմնականում ստանում եմ գյուղմթերք արտադրելուց, հիմնականում ազատագրված տարածքներից, հայատարարագրերը, որոնք ներկայացրել եմ, միշտ համապատասխանում են իրականությանը»։
Հարությունյանն ասաց՝ տարին ամփոփելուց կներկայցնի՝ որ բիզնեսներում ինչ մասնակցություն, ինչ բաժին ունի։
Անդրադառանալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ վստահեցրեց, որ մասնատվածություն չկա, բոլոր թեկանածուները շատ ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, մրցակցային ընտրություններ են լինելու։
«Որևէ մեկը չկասկածի Ղարաբաղի միասնականության մեջ, Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները ընդամենը ապահովելու են մրցակցային ընտրություններ։ Իմաստությունը հաղթելու է բոլոր թեկնածուների մեջ»։
Հարությունյանը բացառեց, որ Արցախում կլինեն ընտարկեղծիքներ։
«Ա1+»-ի հարցին, թե իր գնահատմամբ՝ նախորդ իշխանությունները փորձո՞ւմ են մասնակցություն ունենալ Արցախում կայանալիք ընտրություններին, ունե՞ն արդյոք իրենց թեկնածուն, Հարությունյանն արձագանքեց․
«Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներ չկա, որպեսզի իմանամ, ուղղակի միջամտություն մինչև այս փուլը չեմ նկատել, եթե լինի, մենք կահազանգենք։ Չկա նախորդ իշխանությունների թեկնածու հասկացություն»։
Հարությունյանը վստահեցրեց, որ առաջադրված բոլոր թեկնածուներն էլ լուրջ հեղինակություն են համարվում Արցախում։