Մխիթար Պապոյանը հեշտ տարբերակ ընտրեց, որ ծանր բեռի տակ չընկնի․ Լևոն Քոչարյանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ իրեն ներկայացված մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելը, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որակում է որպես ծանր բեռի տակ չընկնելու որոշում։
Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ այս պահին փակ ռեժիմով Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։
«Ինչքան գիտեմ՝ մեր դատական պրակտիկայում նման դեպք չի եղել, որ մի գործով այսքան դատավոր ինքնաբացարկ ներկայացնի։ Մխիթար Պապոյանի մասին իրավաբանական համայնքից լսել եմ, որ լավ վարկանիշ ունի և կարծես թե այն դատավորներից է, որը պատրաստ չէ ինչ-որ սխալ որոշում կայացնել զուտ նրա համար, որ հաճոյանա իշխանություններին։ Փաստորեն ինքը հեշտ տարբերակ ընտրեց և բացարկ ներկայացնելու միջնորդությունը բավարարեց, որ ծանր բեռի տակ չընկնի՝ հաշվի առնելով Ալեքսանդր Ազարյանի օրինակը, Դավիթ Գրիգորյանի օրինակը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը նոր դատավորից՝ Լուսինե Աբգարյանից ակնկալում է, որ նա ճնշումների չենթարկվի և արդար որոշում կայացնի։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որում նա նշում է, որ չի բացառում, թե 2020թ․ տեղի կունանան արտահերթ ընտրություններ, և հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր կուսակցություն բացեն կամ գործողներից ինչ-որ մեկին աջակցեն, Լևոն Քոչարյանը նշեց, որ այդ թեմայով զրուցել է հոր հետ, բայց հիմա ճիշտ ժամանակը չէ դրա մասին խոսել։ Լևոն Քոչարյանը միայն նշեց, որ չի բացառում, որ նոր կուսակցություն կստեղծեն։
Հարցին՝ իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցություն հնարավո՞ր է լինի, Լևոն Քոչարյանն ընդգծեց․
«Դժվար եմ պատկերացնում մի քիչ»։