Բացել լրահոսը Փակել լրահոսը
80698168_603826610391303_3734815981923467264_n
A A
Քաղաքականություն

2020-ին մոտ 700 ապրանքի գներ կբարձրանան․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր ամփոփեց հանձնաժողովի 1 տարվա գործունեությունը։ Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում 13 նիստ է հրավիրել, որից 3-ը եղել են արտագնա՝ Մոսկվա, Մեղրի և Վլադիկավկազ։

«Արտագնա նիստերի ընթացքում ոչ թե պետք է ինչ-որ բան պայմանավորվենք, զրուցենք ու գանք, ու 1 տարի հետո տեսնենք՝ ինչ-որ բան տեղից շարժվե՞լ է, թե՞ ոչ։ Հաջորդ նիստերին՝ գարնանը նախատեսվող հայ-ռուսական համատեղ նիստում պետք է կտրուկ անդրադարձ լինի, թե մենք ի՞նչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում։ Եթե գործը տեղից շարժվում է, ապա այդ ձևաչափով հանդիպումները պետք է շարունակենք, եթե չի շարժվում, պետք է հասկանանք, թե ինչո՞ւ չեն լուծվում, արդյոք այն պահանջո՞ւմ է քաղաքական համապատասխան որոշումներ»,- նկատեց Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա՝ Մեղրու ազատ տնտեսական գոտուն տրված արտոնությունները պետք է փոխվեն։ «Այն արտոնությունները, որոնք ի վերուստ տրված են Մեղրու ԱՏԳ-ին, այդ արտոնություններով Կառավարությունը գտնում է, որ շատ արդյունավետ չի մեր առաջ շարժվելը, և դրա համար ֆորմուլան պետք փոխվի»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ այս տարի ավարտվում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը։

«Այս ընթացքում Հայաստանը եղել է բանակցող, և ազատ առևտրի տարբեր համաձայնագրերով ԵԱՏՄ-ին միացել են Իրանը, Սինգապուրը, Սերբիան, Չինաստանի հետ ոչ տարիֆային պայմանագիր է կնքվել»,- ասաց պարոն Մելքումյանը և հավելեց, որ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի ռեժիմում հայտնվելու հայտ են ներկայացրել Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը և Չիլին։

«Օրերս Սանկտ-Պետերբուրգում տեղի կունանա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստ, որտեղ նոր կոլեգիայի ձևավորման հարցը կքննարկվի, որովհետև Հայաստանը իր նախագահությունը հանձնում է, և մեր ներկայացուցիչները պետք է այն փոխանցեն Բելառուսի ներկայացուցիչներին»,- նշեց նա։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև 2020թ․ սպասվող գնաճին։ Ըստ նրա՝ մոտ 700 ապրանքի գներ են աճելու, բայց դրանց մեծ մասի թանկացման բեռը հաղթահարված է, որովհետև դրանց մի մասը 2 կամ 1 տարի առաջ թանկացել է։ Ապրանքների միջին թանկացումը կկազմի 5-ից 7 տոկոս։