Վանեցյանի հետ պատահական ենք հանդիպել օդանավում․ Արթուր Ղազինյանը՝ հնարավոր համագործակցության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանն ասում է՝ կուսակցությունը որոշել է մշակել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ և այն դնել շրջանառության մեջ։ Սա կուսակցության պատասխանն է Բրատիսլավայում բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից հրապարակված հուշագրին։
«Ապա նաև Ադրբեջանի արտգործնախարարի կողմից տված հարցազրույցում տեղ գտած մտքերին։ Խոսքը գնում է Արցախը ճանաչելու գործընթաց սկսելու մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ դրանով նախատեսված է Արցախի ճանաչման օրակարգը մշտապես պահել ՀՀ քաղաքական օրակարգում։
Ըստ Ղազինյանի՝ Հայաստանի կառավարման համակարգում առկա է օպերատիվ կառավարման ճգնաժամ։
Խոսելով դատարանների շրջափակման մասին՝ Ղազինյանն ասաց, որ դա օրենքի բազմաթիվ կետերի խախտում էր, որն իր մեջ պարունակում է ոչ միայն քաղաքական, այլև՝ իրավական գնահատականներ։ «Այնուհետև սկսվեցին հարձակումները դատական իշխանության վրա։ Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը։ Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական կառույց է, որի վստահելիությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող վարույթների քանակով և դատավարական գործընթացների մասնակցող սուբյեկտների թվով»,- շեշտեց իրավաբանը։
Սահմանադրական դատարանի շուրջ իշխանությունների քայլերը Ղազինյանը որակեց որպես հարձակումներ․ «Հայաստանում է պետք է օր առաջ մշակել իրավական անվտանգության հայեցակարգ»։ Կուսակցությունը, ըստ նրա, արդեն իսկ սկսել է դատաիրավական համակարգի վերաբերյալ մշակումներ։
Լրագրողի դիտարկմանը, թե շատ է խոսվում արտահերթ ընտրությունների մասին և հարցին, թե «Մեկ Հայաստան»-ը արդյոք կմասնակցի՞ ընտրություններին, քաղաքական գործիչն ասաց, որ Հայաստանի քաղաքական, պետական համակարգը դեռևս պատրաստ չեն նոր ընտրությունների, քանի որ հասարակության մեջ գործում է չափից հուզական ֆոնը, որը իրական քաղաքական գործընթաց սկսելու հնարավորություն չի տալիս, իսկ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հասարական և քաղաքական շերտերի իրական պատկերը։
Ղազինյանը հերքեց այն տեղեկությունները, թե իրենց հովանավորում է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ որևէ հովանավոր չունեն, և չեն էլ ունենալու։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին տեղեկությունների մասով կուսակցության նախագահն ասաց, որ Վանեցյանի հետ պատահական են հանդիպել օդանավում. «Ընդամենը եղել է զրույց, մտքերի փոխանակություն։ Պատահական հանդիպել ենք օդանավում, նույն ինքնաթիռով եկել ենք Երևան․ ինքը՝ այլ երկրից, ես՝ Մոսկվայից»։ Ղազինյանը հավելեց, որ իրենց կուսակցությունը բաց է փոխգործակցության համար։
Մի քանի ժամ առաջ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոսս Զակարիեն թվիթերյան գրառում էր կատարել, թե տպավորված է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումից։ «Ա1+»-ի հարցին, թե սա ի՞նչ է նշանակում, Ղազինյանն ասաց, որ սա նշանակում է ձախողված արտաքին քաղաքականության Ղարաբաղյան հարցի կագավորման հարցում։
«Երկկողմ ձևաչափով գործընթացների, շփումների, գործընթացների և աշխատանքների ձախողում։ Մանավանդ Ֆրանսիան, որը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ պետությունը Եվրոպայում, որի հետ մենք կապել ենք եվրոպական քաղաքականության հիմնական ուղղությունները, որը եղել է հայկական շահերի ներկայացուցիչը եվրոպական համայնքում։ Իսկ Ֆրանսիայի դեսպանն այսօր լեգիտիմացնում է գոյություն չունեցող միավոր․ Արցախի ադրբեջանական համայնք»,- ընդգծեց նա: