«Մենք մեր պարտքն ենք վերադարձնում»․ Երեկո՝ հայկական ջութակի դպրոցի նվիրյալ Պետրոս Հայկազյանի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին կկայանա համերգային երեկո ի հիշատակ ջութակահար, մանկավարժ Պետրոս Հայկազյանի, ով կրթել է հազարավոր երեխաների, որոնցից շատերն այսօր անվանի ջութակահարներ են։
Ավելի քան վաթսուն տարի անվանի մանկավարժը դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդել է նաև Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում։
Համերգին՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես մենակատարներ, ելույթ կունենան նրա սաներից՝ Խաչատուր Ալմազյանը, Անուշ Նիկողոսյանը, նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը։ Նվագախումբը կղեկավարի ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։
Երեկոյի նախաձեռնողը՝ ջութակահար, երաժշտական պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանն է, որի խոսքով, լինելու է հայկական ջութակի դպրոցի նվիրյալ Պետրոս Հայկազյանի հիշատակին նվիրված համերգային երեկոների շարք, քանի որ մանկավարժի այսօր արդեն անվանի դարձած սաները ցրված են աշխարհով։ Պետրոս Հայկազյանի սաներից է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
«Սա միայն մեր շատ սիրելի ուսուցչի հիշատակին նվիրված երեկո չէ։ Սա ավելին է։ Մենք մեր պարտքն ենք վերադարձնում։ Միգուցե երկրից դուրս ենք անուն ձեռք բերել, սակայն կայացել ենք այստեղ, մեր երկրում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։