Վարչապետն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը։ Վարչապետը տեղի ունեցածը շոկային որակեց։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով բազմաթիվ հանրային ահազանգերը, Կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն են արել և տրվել են կոնկրետ հանձնարարականներ․
«Այդ ժամանակ մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ունենք ձերբակալված անձինք, և իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը, դա նշանակում է, որ կան առնվազն կասկածելու հիմքեր»։
Վարչապետը հարց ուղղեց Քննչական կոմիտեի ղեկավարին Հայկ Գրիգորյանին, թե կասկածները դառնալո՞ւ են մեղադրանք առաջադրելու որոշում, ի պատասխան Հայկ Գրիգորյանը նշեց, որ երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր մեկ անձ այդ գործով, ում այս պահին մեղադրանք է առաջադրված․
«Երեկ ձերբակալվել են եւս չորս անձինք, ապացույցների համակցությունը այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծնողներին երեխաներից ապօրինի բաժանելու մեղադրանքով»։
Հայկ Գրիգորյանը նաև նշեց, որ գործով կատարվել են մի շարք խուզարկություններ ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության հետ համատեղ․
«Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են։ Վաղը կամ մյուսը այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»։
Վարչապետն էլ ընդգծեց, որ կան կասկածներ, որ այդ մեխանիզմը բավականին երկար տարիներ է գործել, և պետք է իսկապես խնդիր դնել գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի «այս գործն իր ողջ մետաստազներով լիարժեք բացահայտվի»․
«Շատ դեպքերում ահազանգերը, որ մենք ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էին թողնում, բայց հիմա, երբ հետահայց նայում եմ, գուցե մեր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել, և այդ մարդկանց էմոցիաները կոնկրետ փաստերից են սնվել»,- ասաց նա։