«Թատրոնի շինարարությունը կապ չունի Դադասյանի համակրանքի հետ՝ նախկին իշխանությունների հանդեպ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը դեկտեմբերի 12-ին ազդարարեցին Գևորգ Քոչար 21 հասցեում թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մասին, որին հաջորդեց շինարարությունը կասեցնելու պահանջով ստորագրահավաք։
Համացանցում «Փրկենք տպարանի շենքը» ակտիվիստների խումբը պահանջում է դադարեցնել Գրապալատի պատմական շենքում շինարարական աշխատանքները, քանի որ ապագա շինության էսքիզը, ըստ որի՝ պետք է մոտ մեկ մետրով բարձրանա, ակտիվիստների կարծիքով կխաթարի հուշարձան-շենքի տեսքը։
Ակտիվիստներից է նաև ճարտարապետ, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը, ում համար նաև հասկանալի չէ, թե ինչու պետական միջոցներից պետք է տրամադրվի 212 միլիոն դրամ Մնջախաղի համար թատրոն կառուցելուն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա ինքն ու մյուս փոխնախարար Նարինե Խաչատուրյանն իրենց իրավունք կվերապահեն գնահատական տալու այն «ժառանգությանը», որ իրենք ստացել են այս ոլորտի նախկին պատասխատուներից․
«Իրավունք կվերապահենք տալու դրա բարոյական գնահատականը՝ հապճեպ, ոչ խելամիտ և շրջահայաց որոշումների, մասնագիտական կոմպետենտության բացակայության հետևանքով ստեղծված իրավիճակների ու հետևանքների մասին»,- ասաց փոխնախարարը։
Իսկ ինչ վերաբերում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի՝ նախկին իշխանությունների հանդեպ քաղաքական համակրանքին, ապա, ըստ փոխնախարարի, նոր Հայաստանում դրանով չի կարող պայմանավորվել թատրոնին գումար կամ տարածք հատկացնելը։
Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի խոսքով՝ թատրոնի նախագիծը, որ պատրաստ էր երկու տարի առաջ, ուներ խնդիրներ լուծումների հետ կապված, և իրենք կատարել են անհրաժեշտ փոփոխությունները, ներկայացրել են գիտամեթոդական խորհրդին և ստացել են շինարարության թույլտվություն։
Նա նաև նշեց, որ այս տարի շինարարական աշխատանքների համար 46 միլիոն 243 հազար դրայմ կհատկացվի, իսկ հաջորդ տարի՝անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ։