Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մաքրազերծել «կագեբեական» արժեքային համակարգից․ Արթուր Սաքունց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ի պաշտոնե տիրապետում են պետական գաղտնիքների, հայտնվելով այլ երկրում՝ իրենց հետ տանում են դրանք, նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա կարծիքով՝ անվտանգության բուն էությունը պետական գաղտնիքի պաշտպանվածությունն է և խոսել պետական գաղտնիքի մասին, երբ այդ գաղտնիքը կրողները պետությունից դուրս մեկ այլ պետության տարածքում են գտնվում, մեծ մարտահրավեր է երկրի համար։
«ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության ժողովրդավարական շահերից է բխում ունենալ իրապես Ազգային անվտանգության ծառայություն, որը մենք որպես այդպիսին չունենք։ ԱԱԾ երկու նախկին պետեր հրապարակավ հայտարարում են, որ սպառնալիք են ներկայացնում օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ներ, քաղաքական որոշ ուժեր և կազմակերպություններ։ Սակայն այսօր Ազգային անվտանգության ծառայությունը լռության է մատնում այդ հայտարարությունները։ Ես որպես քաղաքացի պետք է մտածեմ՝ կամ իրենք համամիտ են, իսկ եթե համամիտ են, պետք է գործողություններ իրականացնեն, իսկ եթե համաձայն չեն, պետք է գնահատական տրվի»։
Արթուր Սաքունցը նաև նշում է, որ մինչ օրս ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն անվտանգության սխեմա չի բացահայտվել․
«Մինչև հիմա չենք տեսել որևէ կոռուպցիոն սխեմայի բացահայտում ԱԱԾ շրջանակում, աշխատակիցների կողմից, նախկինում նրանցից շատերի կողմից ներգրավված լինելու մեջ։ ԱԱԾ-ն և անվտանգության մարմինները հանդիսացել են պետության զավթման մարմիններ, շատ լավ գիտենք քաղաքական և քաղաքացիական գործիչների՝ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների մասին։ Սակայն մինչ օրս որևէ մեկնաբանություն չկա»։
Արթուր Սաքունցին անհանգստացնում է այն, որ մինչ օրս չունենք որևէ հայեցակարգ, պաշտոնական ուղեցույց, որի հիման վրա կարող ենք գաղափար կազմել, թե ինչպես պետք է շարունակի իր գործունեությունը Ազգային անվտանգության ծառայությունը։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մաքրազերծել «կագեբեական» արժեքային համակարգից, որի հիման վրա դեռևս շարունակում է գործել այս կառույցը, ինչը մեծ մարտահրավեր է Հայաստանի հանրապետության անվտանգության համար»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։