Ադրբեջանը Նախիջեւանի հետ սահմանը ուժեղացնում է Թուրքիայի աջակցությամբ․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա երկու օրերին կհայտարարվի Ռուսաստանից ձեռք բերած «Սու 30» կործանիչների՝ Հայաստան բերելու մասին։Այս մասին հայտնեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում։
Նա, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Նախիջևանի հետ սահմանին դիրքային իրավիճակին։
ԳՇ պետն ասաց, որ վերջին երկու-երեք ամսում եղել է դիրքերի բարելավում, սակայն ընդհանուր ռազմավարական տեսանկյունից դրանք տեղային բնույթ են կրում։
«Մեծ աշխատանք ենք իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման և զարգացման ուղղությամբ», - նշեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ տեղ-տեղ ադրբեջանական կողմն ունի դիրքային առավելություն, սակայն հայկական կողմինը 30-40 տոկոսով ավելի է։
«Եթե իրավիճակին ընդհանուր առմամբ վերցնենք, Ադրբեջանի բավականին շատ ջանքեր է Թուրքիայի հետ համատեղ գործադրում, որպեսզի Նախիջևանի համազորային բանակը բավականին ուժեղացնի և որոշակի սպառազինությամբ ռազմական տեխնիկա, որ չեն ունեցել այժմ ունեն», - ընդգծեց նա։ Վերջինս հավելեց, որ իր հերթին ՀՀ Զինված ուժերը քայլեր են ձեռնարկում, որպեսզի հակառակորդը ռազմական գերակայություն չունենա։
ԳՇ պետը նաև անդրադարձավ ռազմական ծախսերին։ Նրա խոսքերով՝ վերաբաշխման, վարկերի, մշտական տեղակայման վայրերի փոփոխմամբ կատարված ծախսերի նվազման միջոցով են զենքեր, ռազմական տեխնիկա ձեռք բերել։
Խոսելով բանակում դեկտեմբերի 2-ին մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի դեպքին՝ Դավթյանը հավելյալ մեկնաբանություններից զերծ մնաց։ Նա ասաց, որ քրեական գործ է հարուցված, քննություն է ընթանում, և ֆիզիկապես այսքան շուտ հնարավոր չէ պարզել սպանություն էր, թե ոչ։ Ի դեպ, զինծառայողի ընտանիքն այսօր ակցիա էր անում՝ արդար դատաքննություն պահանջելով։