«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ»․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորները չեն պատրաստվում վաղ կենսաթոշակի գնալ, նշեց, որ Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ։
Ինչ վերաբերում է Թովմասյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին, նախարարն արձագանքեց, որ բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով․
«Մեր երկրում, նայեք, թե քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կտա որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,-նշեց Բադասյանը։
Հնչող մեղադրանքներին, թե Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ճնշում է ՍԴ-ի նկատմամբ, Բադասյանն արձագանքեց․
«Եթե այսօր չլիներ, լիներ մեկ շաբաթ առաջ, կասեին՝ քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված, եթե լիներ հունվարին, կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել օրենքը, դրա հետ է կապված, եթե օրենքն ընդհանրապես չլիներ, կասեին՝ կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն՝ միշտ կարելի է զուգահեռներ տանել, բայց եթե նայենք՝ քանի պաշտոնատար անձ է այսօր տարբեր քրեական գործերով անցնում, կարծում եմ՝ կարելի է որակել որպես շահարկումներ»։
Նախարարն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի թույլտվությամբ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ քննարկումներին։
Բադասյանն ասաց, որ գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, և այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, և այդ մասով ՍԴ դատավոր, անձեռնամխելիություն չունի։
Անդրադառնալով ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի նախագծի շուրջ քննարկումներին և հնչող մեկնաբանություններին, թե դա այնքան էլ պարկեշտ առաջարկ չէ, Բադասյանն ասաց, որ իրենց անպարկեշտ առաջարկ անելու մեջ մեղադրելով՝ բարոյական ճնշման են ենթարկում ՍԴ դատավորներին․
«։Դրա մասին խոսում են մարդիկ, որոնց օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես չի եղել, դատարանների անկախության մասին խոսելը ավելորդ է ուղղակի։ Վաղ կենսաթոշակը ճգնաժամից դուրս գալու քաղաքակիրթ տարբերակ է։ Հույս ունեմ, որ դատավորները ճնշումներին չեն ենթարկվի։ Որևէ մեկին չենք ստիպելու գնալ վաղ կենսաթոշակի»,-ասաց նախարարը։