Բացել լրահոսը Փակել լրահոսը
80437604_1668911116578382_1713082254726529024_n
A A
Քաղաքականություն

2020թ․ ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն․ «Սասնա ծռեր» (տեսանյութ)

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2020 թվական մտնում է որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրքորոշում։

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Սասնա ծռեր»-ի համոզմամբ՝ հեղափոխությունը ձախողման եզրին է, Հայաստանը և Արցախը մնում են համակարգային ճգնաժամի մեջ։ Այս իշխանությանն արդեն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարած կուսակցությունը դեմ է Մադրիդյան սկզբունքների շուրջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։

«Դեռևս կան Մադրիդյան սկզբունքներ և դրանց շուրջ բանակցություններ․ դա արդեն ճգնաժամ է, ապագան բացառող ճգնաժամ է։ Մեզ չի բավարարում հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդությամբ, իբրև թե անկախ Հայաստանի Հանրապետության պետություն ունենալու հանգամանքը։ Մենք առաջարկում ենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդությունն ընդունել։ Հրաժարվել Ստալինի տված կեղծ վկայականից և վերցնել փոշու տակ ծածկված մեր հայրենական անձնագիրը, որը միջազգային իրավունքով հաստատված է»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը համարում է, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ թե ե՞րբ, կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժա Ավետիսյանը ժամանակ չնշեց։

«Մենք չենք ծրագրում արտահերթ ընտրությունները ամսով կամ օրով, դա լուրջ չէր լինի։ Մենք ծրագրում ենք ձևավորել այն ազգային ժողովրդավարական բևեռը, որը կպահանջի և հարկ եղած դեպքում էլ նաև ժողովրդի կամքի ազդեցությամբ այդպիսի որոշում կհարուցի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ի դեպ՝ ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը։ Թե ո՞ւմ հետ են պատկերացնում համագործակցությունը, անուններ դեռ չցանկացան հրապարակել։

«Նրանք, ովքեր հատկապես վերջին 2-3 տարիներին պայքարել են ռեժիմի դեմ, ընդվզել են, իրենց ցույց են տվել ազատության, ժողովրդավարության, ազգային պետության ջատագովներ։ Մենք դեռ ընթացքի մեջ ենք, այս պահին ձեռնպահ կմնանք անուններ տալ, որովհետև դեռ քաղաքական կոնսուլտացիաներ պետք է լինեն։ Պետք է թե՛ մենք մեզ դրսևորնեք, թե՛ նրանք։ Ըստ էության, բոլորս էլ այդ շրջանակին ուրվագծորեն ճանաչում ենք»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Նա հավելեց նաև, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Ամանորը դիմավորելու է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, քանի որ Սմբատ Բարսեղյանն և Արմեն Բիլյանը այնտեղ են։ Հիշեցնենք, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ են։